Մատչելիության հղումներ

ԲԹԿ-ի շինարարության վրա ծախսվող միջոցների ծավալը կարող է նվազել


Վրացական երկաթուղին, արխիվ
Վրացական երկաթուղին, արխիվ
Չի բացառվում, որ առաջիկայում Բաքու - Թբիլիսի - Կարս (ԲԹԿ) երկաթուղու շինարարության վրա ծախսվող ֆինանսական միջոցների ընդհանուր ծավալը զգալիորեն նվազի: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը` նշելով, որ դա հնարավոր է դարձել վրացական նոր իշխանությունների հետեւողական բողոքների արդյունքում:

Երկաթուղու շինարարության ընթացքում ծագած բարդություններն այն առանցքային թեման էին, որ քննարկեցին վրաց եւ ադրբեջանցի պաշտոնյաները Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի` երեքշաբթի օրը մեկնարկած թբիլիսյան այցի շրջանակներում:

Հիշեցնենք` Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դեռ անցած տարեվերջին իր դժգոհությունն էր հայտնել Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարության ֆինանսավորման առթիվ, նշելով, որ այն թափանցիկ չէ եւ լուրջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

Երկաթգծի վրացական` 30-կիլոմետրանոց հատվածի շինարարության վրա ծախսվող գումարը տարեցտարի աճում էր` նախնական 300 միլիոն դոլարից ի վերջո հասնելով 775 միլիոնի: Այս գումարից 403 միլիոնն արդեն իսկ տրամադրվել է շինարարությունն իրականացնող կոնսորցիումին Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի կողմից` վարկի տեսքով:

Իվանիշվիլիի կառավարությունը լուրջ կասկածներ ունի, որ անընդհատ աճող այս գումարի զգալի մասը մսխվել է` թե' Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թիմի որոշ ներկայացուցիչների եւ թե՛ ադրբեջանցի պաշտոնյաների գործուն մասնակցությամբ: Այժմ ահա ադրբեջանական աղբյուրները չեն բացառում, որ Իվանիշվիլիի թիմն ի վերջո կարողացել է հասնել նախագծում առկա կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Սա Ադրբեջանի եւ Վրաստանի հարաբերություններում առկա կոռուպցիոն սխեմաները վերացնելու հարցում Բիձինա Իվանիշվիլիի արձանագրած միակ հաջողությունը չէ: Վիճահարույց մեկ այլ խնդրում եւս Վրաստանի վարչապետին հաջողվել է զիջումներ կորզել պաշտոնական Բաքվից: Փետրվարի 7-ին վրացական կառավարության ղեկավարը հայտարարեց, որ բնակչությանը մատակարվող գազի գինը նվազեցվելու է շուրջ 10 տոկոսով: Դա, ըստ ադրբեջանական աղբյուրների, եւս մեկ ծանր հարված է Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը, որի դուստր ձեռնարկություններից մեկն անցած տարի դարձավ Վրաստանի գազաբաշխիչ ցանցերի ճնշող մեծասմանության սեփականատերը:

«Թուրան»-ի տեղեկություններով` ադրբեջանական կողմը հազար խորանարդ մետր գազը Վրաստանին է վաճառում 143 ամերիկյան դոլարով, իսկ վրացական շուկայում գործող SOCAR Georgia Gas կոնցեռնը բնակչությանն այն վերավաճաոռւմ էր արդեն 300 ամերիկյան դոլարով: Ադրբեջանցի անկախ տնտեսագետների համոզմամբ` սա էներգետիկ եկամուտները երկրից դուրս բերելու` Բաքվում մշակված խորամանկ մի մեխանիզմ էր, որից անմասն չէին նաեւ վրացական նախկին կառավարության որոշ անդամներ:

«Բաքու կատարած այցի ընթացքում Իվանիշվիլին հասկացրեց, որ երկրի նոր կառավարությունն այլեւս ցանկություն չունի մաս կազմել կոռուպցիոն ծրագրերին: Գազի գնի նվազեցումը վկայում է, որ Բաքվում ի վերջո որոշեցին ընդառաջել Վրաստանի վարչապետի պահանջին», - նշում են ադրբեջանցի վերլուծաբանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG