Մատչելիության հղումներ

Մտավորականները դատապարտում են Հայրիկյանի դեմ մահափորձը


Գրականագետ Վարդան Դեւրիկյանը եւ ռեժիսոր, դերասան Երվանդ Մանարյանը մամուլի ասուլիսում:
Գրականագետ Վարդան Դեւրիկյանը եւ ռեժիսոր, դերասան Երվանդ Մանարյանը մամուլի ասուլիսում:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հույս հայտնեց, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը ազդեցություն չի թողնի ընտրությունների վրա:

«Ես համոզված եմ, որ այս ընտրություններից հետո Հայաստանի կյանքում նոր շրջան պիտի բացվի, Հայաստանը կարիք ունի արմատական փոփոխությունների», - ասաց նա:

Գրականագետի համոզմամբ` անկախության 20 տարիները «զգալի չափով կորցրած ժամանակ եղան մեզ համար». - «Մեր ժողովուրդը ընդունակ ժողովուրդ է, կարող էր այս փոքրիկ հողակտորի վրա նույնիսկ բլոկադայի պայմաններում կարգին տնտեսություն ստեղծել: Մենք առայժմ չենք կարողացել այդ անել: Այսօր ամենավերին իշխանության ներկայացուցիչներն ընդունում են, որ արտագաղթը աղետալի չափեր է ընդունում: Ես ցանկանում եմ, եւ այդ ցանկությունն ուղղում եմ բոլոր թեկնածուներին, որ այս ընտրություններից հետո արտագաղթը ոչ միայն դանդաղի, այլեւ կանգ առնի, եւ սկսվի հակառակ պրոցեսը»:

Հարցին, թե թեկնածուներից ում է համակրում, Ազատ Եղիազարյանն արձագանքեց. - «Իմ համակրանքը կլինի միայն այն թեկնածուի կողմը, որը կխոստանա եւ գործնական միջոցառումներ կձեռնարկի սոցիալական բեւեռացման եւ կոռուպցիայի դեմ»:

Իրենք մտահոգություններն ու կարծիքները նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի կապակցությամբ այսօր լրագրողների հետ հանդիպմանը բարձրաձայնեցին բեմադրիչ, դերասան Երվանդ Մանարյանը, գրականագետ Վարդան Դեւրիկյանը եւ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` դատապարտով կատարվածը:

Վարդան Դեւրիկյանը համոզմունք հայտնեց, որ դա չի կարող խաթարել ընտրությունների բնականոն ընթացքը: Գրականագետի կարծիքով, Հայրիկյանը չի հետաձգի քվեարկության օրը:

Երվանդ Մանարյանը մահափորձը նախընտրական քարոզարշավը խաթարելու «ստոր, նողկալու ու անիմաստ միջոց» որակեց` համոզմունք հայտնելով, որ շատ տարիներ անց միայն Հայաստանում հնարավոր կլինի անցկացնել նորմալ ընտրություններ:

Հրանուշ Խառատյանը ցավով նշեց, որ անկախության տարիների ընթացքում մեր հասարակությունը կարծես ընտելացել է պարբերաբար տեղի ունեցող քաղաքական բռնության դրսեւորումներին. - «Գտնում եմ, որ սա այն հանգրվանն էր, որին մենք օրինաչափորեն պետք է գայինք` անցյալ քսանամյակի ողջ պատմության հաշվառմամբ: Մեր հասարակությունը այնքան հագեցրինք այս բռնության մշակույթով` ե’ւ քաղաքական, ե’ւ քաղաքացիական, որ նույնիսկ դրա հանդեպ զգալի անտարբերություն կա: Մենք արդեն մի տեսակ վարժվեցինք, որ Հայաստանում կարող են սպանվել նախկին քաղաքապետ, սպիկերներ Ղարաբաղում եւ Հայաստանում, վարչապետ, փոխնախարար, գուցե նաեւ նախարար: Կարծես վարժվել ենք, որ մեր կյանքի կարեւորագույն երեւույթները պետք է ուղեկցվեն սպանություններով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG