Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը զորակցում է «Ժողովուրդ»-ին


Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան ստուդիայում, արխիվ
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան ստուդիայում, արխիվ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այսօր հաղորդագրություն է տարածել, որում իր զորակցությունն է հայտնում «Ժողովուրդ» օրաթերթին, դատարանների մեղքով տառապող մեր ժողովրդին եւ Վճռաբեկ դատարանի ու Արդարադատության խորհուրդի ճնշման տակ իրենց տեսակը պահպանող ազնիվ դատավորներին»:

«Դատարանի պատճառով այսօր «Ժողովուրդ» օրաթերթը հայտնվել է ծանր վիճակում», - ասված է օմբուդսմենի հաղորդագրությունում։ - «Այսօր լրատվամիջոցը գտնվում է փակման վտանգի առաջ, որովհետեւ առաջին ատյանի դատավորը կայացրել է հակաիրավական որոշում, որը ոչ միայն հակասում է Հայաստանի Սահմանադրական դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշմանը, այլեւ միջազգային իրավունքի մի շարք նորմերի: Սահմանադրական դատարանը իր որոշմամբ հստակ սահմանել է, որ «վնասի փոխհատուցման պահանջի իրավաչափությունը որոշելիս դատարանները պարտավորվում են հաշվի առնել լրագրողի միջոցները, եկամուտների չափը, որպեսզի չսահմանվի վերջիններիս համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա լրագրողի գործունեության համար»:

«Նմանատիպ դատական որոշումներն են, որ հետո Ստրասբուրգի դատարանում դառնում են մեծ նյութական եւ բարոյական վնաս մեր պետության համար», - ընդգծում է Կարեն Անդրեասյանը` համոզմունք հայտնելով, որ «Հայաստանում որեւէ դատավոր իրեն թույլ է տալիս հակաիրավական որոշում կամ վճիռ կայացնել, քանի որ միշտ չէ, որ Վճռաբեկ դատարանը այդ ակնհայտ ապօրինի վճիռը կբեկանի, իսկ Արդարադատության խորհուրդը դրա համար դատավորին կենթարկի պատասխանատվության». - «Դատավորը կարող է անկախ լինել բոլորից եւ ամենից, բայց ոչ երբեք այդ երկու մարմինների «հզոր» անդամներից: Դատավորը կարող է արհամարհել օրենքը, Սահմանադրական դատարանի որոշումը, միջազգային իրավունքի նորմը, բայց ոչ երբեք Վճռաբեկի «զոնալ» դատավորի շատ հաճախ հակաիրավական ներքին ցուցումը»:

«Այս անգամ նույնիսկ չանդրադառնալով դատական կոռուպցիային, դրա դրսեւորումներին, ծավալներին ու մեխանիզմներին` կարող ենք դարձյալ կրկնել, որ այս համակարգը խարան է մեր պետության համար, բոլոր ցավերի աղբյուրն է մեր քաղաքացու կյանքում, եւ ինչպես նշել է Հրայր Թովմասյանը` գարշապար է մեր արդարադատության համակարգում», - հայտարարում է օմբուդսմենը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG