Մատչելիության հղումներ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմն ու աջակիցները բողոքի երթ անցկացրեցին


«Թույլ չենք տա, որ ձու վաճառող պարոնը իշխի դատարանի վրա» կարգախոսով «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը, ընթերցողները, տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքական ուժերի որոշ անդամներ այսօր առավոտյան Աբովյան փողոցից երթով շարժվեցին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։

«Ժողովուրդ» օրաթերթի փաստաբան Հարություն Բաղդասարյանը եւ թերթի երկու ներկայացուցիչներ դատարանին միջնորդեցին հանել լրատվամիջոցի եւ նույն թերթի լրագրող Սոնա Գրիգորյանի գույքի վրա դրված կալանքը։ Դուրս գալով դատարանի շենքից՝ փաստաբանն ասաց՝ իրենց միջնորդությունն ընդունվեց։

«Կարգի համաձայն 3 օրվա ընթացքում դատարանը պետք է մեր միջնորդությունը քննության առարկա դարձնի», - նշեց նա։

Թերթը դեկտեմբերի 11-ի համարում գրել էր, թե իր տեղեկություններով Սննդի անվտանգության պետական տեսչությունը շուկայում ժամկետանց հավկիթներ իրացնելու համար վերջերս տուգանել է «X գրուպի» նախագահ Խաչիկ Խաչատրյանին։ Նույն հրապարակման մեջ զետեղվել էր նաեւ նրա խոսքը, թե՝ «Դուք ինձ պրովոկացիայի՞ եք ենթարկում, սխալ ինֆորմացիա եք ստացել, էտի բացառվում է, նմանատիպ խնդիր չկա ու չի էլ կարող լինել»։ Այս հրապարակումից մեկ ամիս անց «Արաքս» թռչնաֆաբրիկայի, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի, «Ջրաշխարհ»-ի, «Վալենսիա» եւ «Ակվատեկ» հյուրանոցային համալիրների, «Կլայկ» կահույքի սրահի սեփականատեր, «X գրուպի» նախագահ Խաչիկ Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել թերթի դեմ եւ իր գործարար համբավը արատավորելու հիմքով թերթից 3 միլիոն դրամի փոխհատուցում պահանջել։

Դատական առաջին նիստը նշանակված է մարտի 22-ին, բայց հայցի նախնական լսման ժամանակ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը կալանք է դրել «Ժողովուրդ» օրաթերթի եւ գործարար Խաչիկ Խաչատրյանին առնչվող հոդվածը հեղինակած լրագրողի գույքի վրա։

Թերթի խմբագիր Թագուհի Թովմասյանի կարծիքով, այս քայլով դատավորը վտանգի տակ է դրել լրատվամիջոցի գործունեությունը։

«Դատական նիստի օրը նշանակված է մարտի 22-ին, բայց նախնական դատական նիստ է տեղի ունեցել, եւ անմիջապես որոշել են արգելանք դնել», - ասում է խմբագիրը, - «Այսինքն նախընտրական այս քարոզարշավի ընթացքում որոշում է կայացվել «Ժողովուրդ» օրաթերթի սանձերը ձգել, որպեսզի մենք չլինենք այնքան ազատ, չհրապարակենք այն, ինչ հրապարկում ենք»։

Մինչեւ դատարան հասնելը երթի մասնակիցները նաեւ Կառավարության շենքի առջեւ կանգ առան եւ արդարություն պահանջեցին։ Խոսեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը, ով տեղի ունեցածը «հետապնդում» որակեց։

Երկու տարի առաջ էլ «Հայկական ժամանակ» օրաթերթը գրեթե 6.5 միլիոն դրամ վճարեց նախորդ գումարման խորհրդարանի պատգամավորներ, հայտնի գործարարներ Ռուբեն Հակոբյանին, Սամվել Ալեքսանյանին եւ Լեւոն Սարգսյանին։ Նրանց պահանջն էլ էր նույնը՝ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցում։

Այսօրվա ցույցին մասնակցում էին նաեւ «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանն ու «Հայկական ժամանակ»-ի լրագրող Հայկ Գեւորգյանը։

«Իշխանությունն ուղղակի կոսմետիկ, կեղծ բարեհամբույր մթնոլորտին երկար չդիմացավ եւ կրկին դիմեց իր սովորական մեթոդներին։ Թերթին ոչ մի վտանգ չի սպառնա, եթե այսքան մարդ կա կանգնած այստեղ», - մեզ հետ զրույցում «Ժողովուրդ» թերթի դեմ հայցը մեկնաբանեց Հայկ Գեւորգյանը։

Վերջում նշենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ»-ն էր հայց ներկայացրել «X գրուպի» նախագահ Խաչիկ Խաչատրյանի նկատմամբ՝ իր լրագրողին վիրավորելու համար։ Ի դեպ՝ «Ժողովուրդ»-ը խոշոր գործարարից ընդամենը ներողություն է պահանջել։

Թերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը կարծում է, որ գործարարը իր հակընդդեմ հարցով որոշել է վրեժխնդիր լինել, պահել հավասարակշռությունը՝ ներողություն չխնդրելու համար։
XS
SM
MD
LG