Մատչելիության հղումներ

Վահագն Չախալյան. Ազատության մեջ շարունակելու եմ պայքարը


Վահագն Չախալյանը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, լուսանկարը` Վիրահայոց թեմի մամլո դիվանի
Վահագն Չախալյանը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, լուսանկարը` Վիրահայոց թեմի մամլո դիվանի
Երկու օր առաջ վրացական բանտից ազատ արձակված ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանը հայտարարություն է տարածել, որում նախ իր երախտագիտությունն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին եւ «Երկիր» միությանը` բանտարկության հինգ տարիներին իրեն քաջալերելու, աջակցելու համար, ապա անդրադարձել նաեւ Ջավախքի խնդիրներին:

«Ես անազատության մեջ էի միմիայն այն բանի համար, որ պահանջել եմ վրացական իշխանություններից հարգել Ջավախքի բնակչության իրավունքները, քննադատել եմ ջավախքահայության նկատմամբ Սաակաշվիլիի ռեժիմի հալածանքները, օրինական միջոցով պայքարել դրանց դեմ։ Վերջին շրջանում խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս քննարկումների ժամանակ իմ անվան շուրջ Սաակաշվիլիի կուսակցության անդամների բարձրացրած աղմուկը, իմ անձի, գաղափարների, քաղաքական նպատակների եւ գործունեության վերաբերյալ նրանց սուտն ու զրպարտությունը գալիս են եւս մեկ անգամ հաստատելու, որ ինձ ազատազրկման էին ենթարկել բացառապես քաղաքական նկատառումներով», - հայտարարում է Չախալյանը:

Քննադատելով նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վարած քաղաքականությունը Ջավախքի հարցում, Չախալյանը նաեւ նկատում է, որ իշխանափոխությունից հետո Վրաստանում «շատ բան արդեն փոխվել է դեպի լավը»:

«Բնականաբար, այդ փոփոխությունները իրենց զգացնել են տալիս նաեւ Ջավախքում։ Բայց դեռեւս իրենց լուծմանն են սպասում ջավախքահայության քաղաքացիական, լեզվական, կրթական, կրոնական եւ մշակութային իրավունքներին վերաբերող մի շարք հարցեր` բռնագրաված եկեղեցիները վերդարձնելը, հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալը, Ախալքալաքում հայկական համալսարանի բացումը, շրջաններում ռեալ ինքնակառավարման համակարգի հաստատումը եւ այլն։ Վրաստանի նոր իշխանությունների պարտքն է հայաբնակ Ջավախքի հասարակական-քաղաքական եւ քաղաքացիական կառույցների հետ երկխոսության եւ փոխըմբռման մթնոլորտում լուծում տալ վերոնշյալ խնդիրներին։ Վրաստանի նոր իշխանությունների պարտքն է նաեւ իրականացնել Ախալքալաքում 2008-ի հուլիսի 17-21-ի դեպքերի անաչառ հետաքննություն։ Մեկ անգամ եւս վերահաստատում եմ, որ արդեն ազատության մեջ շարունակելու եմ պայքարը իմ եւ հալածյալ այլ ջավախքահայ հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ արդարության լիարժեք վերականգնման ուղղությամբ», - ասում է Չախալյանը, ով 2009 թվականին դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման` «զենք ու զինամթերք ձեռք բերելու եւ պահելու», «հանրային կարգը խախտող միջոցառումներ կազմակերպելու», «ոստիկանին ցույց տված խմբակային դիմադրության եւ խուլիգանության» մեղադրանքներով։

Չախալյանը ազատ է արձակվել համաներմամբ: Վերջերս Հայաստան այցելած Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ի պատասխան Ամենայն Հայոց կաթողիկոսի միջնորդության, հայտնել էր, որ Չախալյանի ազատ արձակման հարցը քննարկման փուլում է։

Երեկ նախագահ Սաակաշվիլին եւ Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին խստորեն քննադատել են Չախալյանի ազատ արձակումը` վերջինիս որակելով որպես «ռուսական լրտես»:

Արձագանքելով այս հայտարարություններին` Չախալյանը կրկնում է, որ անազատության մեջ է հայտնվել միմիայն քաղաքական դրդապատճառներով` ասելով, թե իր հասցեին հնչեցված մեղադրանքները «բացահայտ սուտ եւ ապատեղեկատվություն են»:

«Երբեք եւ ոչ մի անգամ «ռուսական լրտես», «գործակալ լինելու» մեջ որեւէ մեղադրանք ինձ դատարանում չի՛ առաջադրվել եւ չէր էլ կարո՛ղ առաջադրվել: Պարզապես ափսոսում եմ, որ մեր երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը եւ նախկին վարչապետը այսքան մանր անձնավորություններ են, որ ներիշխանական քաղաքական շահարկման եւ այլ ճղճիմ նկատառումներից ելնելով չեն խորշում անգամ ազգամիջյան թշնամանք հարուցող ապատեղեկատվական բնույթի հայտարարություններ անելուց: Արդեն իսկ դիմել եմ դատախազություն Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Բակրաձեի զրպարչական բնույթի հայտարարության վերաբերյալ: Ես կխորհրդակցեմ իմ փաստաբանների հետ եւ այս հարցով եւս կձեռնարկեմ համապատասխան եւ համարժեք քայլեր», - հայտարարում է ջավախահայ գործիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG