Մատչելիության հղումներ

ՕԵԿ նախագահը անձամբ է քարոզելու Սերժ Սարգսյանի օգտին


Արթուր Բաղդասարյանը ելույթ է ունենում «Օրինաց երկիր» կուսակցության համագումարում: 22-ը դեկտեմբերի, 2012թ.
Արթուր Բաղդասարյանը ելույթ է ունենում «Օրինաց երկիր» կուսակցության համագումարում: 22-ը դեկտեմբերի, 2012թ.
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայաստանցիներին անձամբ է հորդորելու փետրվարի 18-ին քվեարկել գործող նախագահի օգտին, ում նույն Բաղդասարյանը 5 տարի առաջ անխնա քննադատում էր:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀԿ-ի թեկնածուի քարոզչության համար ստեղծված ՕԵԿ նախընտրական շտաբի պետ Խաչիկ Հարությունյանը փոխանցեց, որ Արթուր Բաղդասարյանը կլինի Հայաստանի բոլոր մարզերում եւ մայրաքաղաքում:

«Սկսվում է այդ հանդիպումների այսպես ասեմ` շքերթը: Բոլոր մարզերում լինելու է Արթուր Բաղդասարյանը, դրանք լինելու են բավականին մարդաշատ հանդիպումներ», - տեղեկացրեց Հարությունյանը:

Նա ասաց, որ իրենց կուսակցությունում բոլորն ուսումնասիրում են Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը, որպեսզի կարողանան «տեղ հասցնել այն»: Այդ ծրագրի բոլոր կետերին համաձայն են. - «Եթե համաձայն չլինեին, չէինք համագործակցի»:

ՕԵԿ-ի բոլոր` 37 մարզային եւ 27 մայրաքաղաքային գրասենյակներն այժմ դարձել են Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբներ: «Եթե Սերժ Սարգսյանը Սյունիքում է, մեր կառույցի ղեկավարները մասնակցում են այդ հանդիպումներին եւ բոլոր միջոցառումներին: Մեր համախոհները գնում են, մասնակցում են»:

Խաչիկ Հարությունյունի խոսքով, ՀՀԿ-ի նախընտրական շտաբի հետ համագործակցությունը սերտ է. - «Հանրապետական շտաբի նիստերն իրենք են անում, մեր մոտ էլ մենք ենք մեր շտաբի նիստերն անում: Փոխհամաձայնեցված միասին աշխատում ենք»:

Հարցին, թե արդյոք չեն ափսոսում, որ սեփական թեկնածուով չեն մասնակցում նախագահի ընտրություններին, Հարությունյանը պատասպանեց. - «Մենք չենք ափսոսում, քանի որ 2008 թվականին, երբ Սերժ Սարգսյանի հետ հուշագիրը ստորագրեց Արթուր Բաղդասարյանը, մենք այն ժամանակ դեռեւս պայմանավորվել էինք, որ թեկնածու չենք առաջադրելու 2013 թվականին: Բազմիցս ենք ասել, որ «Օրինաց երկիր»-ը հավատարիմ է միշտ իր պայմանավորվածությանը»:

Կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը 2012-ի խորհրդարանական ընտրությունների շեմին հայտարարում էր, թե ՕԵԿ-ն անհանդուրժող է լինելու փողի միջոցով քվե հավաքելու երեւույթի նկատմամբ, նաեւ համատարած ցուցակագրում չի անում եւ չի անելու:

Այսօր` մինչ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը սպասում էր Խաչիկ Հարությունյանի հետ հանդիպմանը, միջանցքում աշխատակիցները խոսում էին ինչ-որ ցուցակների մասին:

Հարցին, թե ինչ ցուցակների մասին է խոսքը, շտաբի ղեկավարն արձագանքեց. - «Մարզերում երբ Արթուր Բաղդասարյանը դահլիճային այդ մեծ հանդիպումները կանցկացնի, նաեւ մենք դրանով ամփոփելու ենք մեր մեկ տարվա կուսակցական աշխատանքը, նաեւ խրախուսելու ենք մեր առաջավոր կուսակցականներին, պատվոգրեր ենք նրանց հանձնելու, որոշակի նվերներով են նրանք պարգեւատրվելու: Հենց այդ ցուցակների մասին է խոսքը… Նաեւ կարող է խոսքը գնալ ընտրական հանձնաժողովների ցուցակների մասին: Չէ՞ որ մենք ընտրական հանձնաժողովներում նոր անդամներ ունենք»:
XS
SM
MD
LG