Մատչելիության հղումներ

«ՕԵԿ-ը ոչ թե ՀՀԿ-ին, այլ Սերժ Սարգսյանին է սատարում»


ՕԵԿ-ի փոխնախագահ Մհեր Շահգելդյան
ՕԵԿ-ի փոխնախագահ Մհեր Շահգելդյան
«Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ) առաջիկա նախագահական ընտրություններին սատարում է ոչ թե Հանրապետական կուսակցությանը, այլ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: ՕԵԿ-ի փոխնախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյան շաբաթ օրը կայացած ասուլիսում հայտարարեց, որ Սերժ Սարգսյանին սատարելը եւ Հանրապետականին սատարելը տարբեր բաները են:

«Նախ եւ առաջ խնդիրը չի գնում այս կամ այն կուսակցությանը սատարելու մասին, եւ ՕԵԿ-ը չի հայտարարել, որ սատարում է Հանրապետական կուսակցությանը: Մենք հայտարարել ենք նախագահական ընտրությունների ընթացքում Հանրապետական կուսակցության ղեկավարին, հանրապետության նախագահին՝ Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Ես կարծում եմ՝ դրանք տարբեր բաներ են», - ասաց Շահգելդյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք այդ հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետից հետո՝ 2018-ին, հնարավոր է, որ ՕԵԿ-ն այլեւս չսատարի ՀՀԿ-ի հաջորդ թեկնածուին, Շահգելդյանը դժվարացավ պատասխանել:

«Հարցեր եք տալիս, որոնք առնչվում են մոտակա տասը տարիներին: Մենք մեր ընդունած որոշումների, ընդունած հայտարարությունների, գործընկերային հարաբերությունների հետ կապված մեր հստակ դիրքորոշումը արտահայտել ենք: Տասը տարի հետո, թե ինչպիսի մոտեցումներ կլինեն, ժամանակները կգան, կպատասխանենք այդ հարցերին: Այս տարի 2012 թվականն է, դուք 2018-ի մասին եք հարցնում», - ասաց ՕԵԿ-ի փոխնախագահը:

(Հիշեցնենք, որ Հայաստանի սահմանադրության 50-րդ հոդվածի համաձայն՝ նույն անձը չի կարող ավելի քանի երկու անգամ անընդմեջ ընտրվել նախագահի պաշտոնում):

Լրագրողներից մեկի հարցին, թե ՕԵԿ-ի ղեկավար Արթուր Բաղդասարյանը լավ նախագահ կլինի՞, թե՞ Հանրապետականի առաջնորդ Սերժ Սարգսյանը, Շահգելդյանը պատասխանեց. - «Մենք այսօր որպես քաղաքական ուժ սատարում ենք գործող նախագահին, որովհետեւ մենք ունենք ծրագրեր, մոտեցումներ, սկզբունքներ: Արթուր Բաղդասարյանի հետ միասին ստեղծել ենք կուսակցությունը եւ ճանապարհ ենք գնում, եւ շատ լավ պատկերացնում ենք Բաղդասարյանի բոլոր հնարավորությունները, բայց մենք խոսում ենք քաղաքական դաշտում եւ ես ասում եմ՝ մենք այսօր այս գիծն ենք տանում»:

Շահգելդյանը տեղեկացրեց, որ ՕԵԿ-ը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջարկը՝ Հայաստանում անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին, քանի որ առկա է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ, ինչը պահանջում է ունենալ «ուժեղ, կենտրոնաձիգ իշխանություն»: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի մյուս առաջարկությանը՝ խորհրդարանական ընտրություններն անցկացնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով, ապա Շահգելդյանը նշեց, թե ՕԵԿ-ը պատրաստ է հարցը քննարկել նախագահական ընտրություններից հետո:

«Այս հարցերը մինչեւ նախագահական ընտրությունները քննարկելը այնքան էլ նպատակահարմար չէ, որովհետեւ ժամանակ չի մնացել եւ դիտարկել հնարավոր չէ: Մինչ նախագահական ընտրությունները քննարկելը ոչ ռեալ է, ոչ հնարավոր: Հետո՝ խնդրեմ», - ասաց նա:

ՕԵԿ-ի փոխնախագահը անդրադարձավ նաեւ նախագահի ընդդիմադիր միասնական հնարավոր թեկնածուի հարցին՝ ասելով, թե ընդդիմադիր կամ այլընտրանքային քաղաքական ուժերը մինչ օրս չեն առաջադրել իրենց թեկնածուին, քանի որ տեսնում են ուժերի հարաբերակցությունը, ինչը հօգուտ գործող նախագահի է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG