Մատչելիության հղումներ

«Հայաստանում գործազրկությունից ամենաշատը տուժում են երիտասարդները»


Երիտասարդներին աշխատանքով ապահովելու անկարողությունը խթանում է արտագաղթը, նշում է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը իր զեկույցում։

«Հայաստանում աշխատատեղերի բացակայությունից ամենաշատը տուժում են երիտասարդները», - պնդում են ՄԱԿ-ի կազմում գործող Աշխատանքի միջազգային կազմակերպության այս շաբաթ հրապարակված զեկույցի հեղինակները։

«Չնայած հայաստանյան տնտեսության վերականգնմանը՝ այնուհանդերձ, երիտասարդների շրջանում գործազրկության ցուցանիշը 39.1 տոկոս է կազմում։ Այս ցուցանիշն ավելի ցայտուն է երիտասարդ կանանց շրջանում», - նկատում են Աշխատանքի միջազգային կազմակերպության մասնագետները` մանրամասնելով. - «2010 թվականի տվյալներով՝ 16-24 տարեկան կանանց շրջանում գործազրկության ցուցանիշը հասնում է 48, իսկ նույն տարիքի տղամարդկանց շրջանում՝ 32 տոկոսի»։

Համեմատության համար՝ հարեւան Ադրբեջանում մեկ տասնամյակում երիտասարդների շրջանում գործազրկության ծավալները նվազել են։ Եթե 1999 թվականին ադրբեջանցի երիտասարդների 18 տոկոսն էր գործազուրկ, ապա 2010-ին այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 11 տոկոսի։

«Ռուսաստանի Դաշնությունում, 2010 թվականի հուլիսի տվյալներով, երիտասարդների շրջանում գործազրկության ցուցանիշը մոտ 16 տոկոս է կազմել, ինչը քառապատիկ բարձր է միջին տարիքի չաշխատող կանանց ու տղամարդկանց թվի համեմատ», - նշում են զեկույցի հեղինակները։

Որպես հետեւանք, ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության, երիտասարդներին աշխատանքով ապահովելու անկարողությունը խթանում է մեկ այլ բացասական երեւույթ՝ արտագաղթը։

«Այն տնտեսությունները, որտեղ մեծ է երիտասարդների տեսակարար կշիռը` իսկ դրանք են նախեւառաջ Ղրղըզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանն ու Հայաստանը, դժվարությունների են բախվում աշխատանքի շուկա նոր մուտք գործող անձանց՝ աշխատատեղերի ապահովման հարցում։ Այդ իսկ պատճառով՝ այդ երիտասարդները գործազուրկների բանակը համալրելու կամ էլ տնտեսության ստվերային ճյուղերում ընդգրկվելու փոխարեն գերադասում են արտագաղթել», - նշված է զեկույցում։

ԱՊՀ-ի պետությունների, այդ թվում` Հայաստանի, աշխատանքային շուկայում առկա կարեւորագույն մեկ այլ խնդիրը, ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության մասնագետների, ոչ ֆորմալ, թաքնված զբաղվածությունն է։ Այս ցուցանիշով Հայաստանը ԱՊՀ-ի առաջատարների թվում է։ «Նույն 2010 թվականի տվյալներով` Հայաստանում, մոտավոր հաշվարկներով, զբաղվածության մոտ 49 տոկոսը ոչ ֆորմալ է։ Մեծ է սակայն տարբերությունը գյուղական եւ քաղաքային թաքնված զբաղվածության միջեւ։ Գյուղական շրջաններում թաքնված զբաղվածության ցուցանիշը 82 տոկոս է, իսկ գյուղատնտեսական գործունեության մեջ ներգրավված հայաստանցիների շրջանում՝ ավելի քան 98 տոկոս։ Քաղաքներում այդ ցուցանիշն անհամեմատ ավելի ցածր է՝ այստեղ որեւէ տեղ չգրանցված, առանց պայմանագրի աշխատող անձանց թիվը հասնում է 25 տոկոսի», - նշում են Աշխատանքի միջազգային կազմակերպության վերլուծաբանները։

Դեռ ամիսներ առաջ Հայաստանի աշխատանքի պետական տեսչության ղեկավարը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ թաքնված զբաղվածության ծավալներով աչքի են ընկնում հատկապես սպասարկման եւ տրանսպորտի ոլորտները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG