Մատչելիության հղումներ

«Ժառանգության» համար ընտրարշավը մեկնարկը «հուսադրող» է


«Ժառանգություն» կուսակցությունն այսօր պարզաբանեց Րաֆֆի Հովհաննիսյանի «Հնարավոր է» կարգախոսը:

«Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հնարավոր է: Ամեն ինչ` փոխել իշխանությունը, փոխել նախագահին եւ փոխել վիճակը», - լրագրողների հետ հանդիպմանը բացատրեց «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Նա նշեց, թե այս պահին համոզված չեն, որ նախագահական ընտրապայքարում իրենց թեկնածուն է հաղթելու. - «Ցավոք, այս պահին մենք դա հարյուր տոկոսանոց վստահությամբ չենք կարող ասել: Գործընթաց է գնում: Մեզ համար այդ գործընթացը հուսադրող է»:

Խուրշուդյանը նշեց, որ քարոզչական ծախսերը չեն գերազանցի օրենքով թույլատրված 100 միլիոն դրամի սահմանը:

Հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրարշավը ֆինանսավորողների թվում կան արդյոք խոշոր գործարարներ, կուսակցության խոսնակը պատասխանեց. - «Հիմնականում քաղաքացիներից է մինչեւ հիմա եկել: Քաղաքացիների մեջ կան միգուցե փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ, որոնց մենք, բնականաբար, չենք բացահայտի: Բայց ես նաեւ կարծում եմ, որ շատ բան փոխվելու է այս մեկ ամսվա ընթացքում, եւ այդ մուտքերը կարող են շատ ավելի դառնալ ընդամենը 10-15 հետո, երբ մարդիկ իրենք էլ զգան, որ հնարավոր է»:

Թեեւ երեկ իր քարոզարշավի մեկնարկին Հովհաննիսյանը հայտարարեց, թե փետրվարի 18-ի ընտրությունը «Սերժի եւ Րաֆֆիի միջեւ ընտրություն չէ», բայց ընտրողներին բաժանվող բուկլետներում համեմատություններն առկա են: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի` Սերժ Սարգսյանի Հայաստանում «օլիգարխիկ ստվերում եւ պետական բյուջեի ճեղքում կորել են միլիարդավոր դոլարներ», իսկ ինքը «նոր նախագահության առաջին տարում հարկային դաշտ կբերի 250 միլիարդ դրամ»:

Հարցին, թե արդյոք դա հակաքարոզչություն չէ, Խուրշուդյանը արձագանքեց. - «Իրավիճակը նկարագրելը չի կարող լինել հակաքարոզչություն, այնտեղ չկա ո'չ վիրավորանք, ո'չ էլ: Հասարակությանը պետք է հստակ համեմատություն, թե ինչ ենք մենք առաջարկում ինչի փոխարեն»:

Հովհաննիսյանի քարոզարշավի մեկնարկը «Ժառանգության» խոսնակը դրական է գնահատում. - «Փողոցային հրապարակային հանդիպում էր, ոչ դահլիճային: Հիմնականում ակտիվիստներն էին եւ համակիրները, բայց արդեն բավականին մարդաշատ էր»:

«Ժառանգության» առաջնորդի քարոզարշավը ներառում է նաեւ փողոցում մարդկանց հետ շփումներ, դռնեդուռ ծրագիր:

Թեեւ իրենց թեկնածուի ինտերնետային ու ֆեյսբուքյան էջերը գործում են ընդամենը մի քանի օր, բայց դրանցից մեկը, Խուրշուդյանի հավաստմամբ, արդեն հակերային հարձակման է ենթարկվել:

Ստացվող դրվատական կամ քննադատական ուղերձներին Րաֆֆի Հովհաննիսյանը անձամբ չի պատասխանում. դա անում է նրա թիմը:

«Այս անգամ շատ ավելի ինտերակտիվ է կապը ընտրողների հետ», - հայտարարեց Խուրշուդյանը:

«Ժառանգություն»-ը առայժմ գոհ է քարոզարշավի հեռուստատեսային լուսաբանումից. - «Հեռուստադաշտը բացվել է շատ ավելի, քան նախկին ժամանակներում եղել է»:

Կուսակցությունում համոզված են, որ, իրենց մեթոդների շնորհիվ, ընտրարշավը տալու է իր պտուղները:
XS
SM
MD
LG