Մատչելիության հղումներ

«Եվրամերձեցման քաղաքականությունը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առանցքներից է»


Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան, արխիվ
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան, արխիվ
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը չորեքշաբթի օրը Բրյուսելում հանդիպել է Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` կողմերը քննարկել են Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարները, բարձր գնահատել արդեն իսկ արձանագրված քաղաքական երկխոսության դրական դինամիկան եւ երկուստեք այն պահպանելու եւ շարունակելու պատրաստակամություն հայտնել:

Նշվել է, որ առաջընթաց է արձանագրվել Հայաստան - Եվրամիություն բանակցային գործընթացում` Ասոցիացման համաձայնագրի եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու ուղղությամբ, միեւնույն ժամանակ, կողմերը բանակցությունները 2013 թվականին ավարտին հասցնելու պատրաստակամություն են հայտնել, ինչը նոր որակ կհաղորդի Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին:

Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի տնտեսական եւ ժողովրդավարական ներքին բարեփոխումների ընթացքի վրա այդ գործընթացի դրական ազդեցությանը: Խոսվել է մուտքի արտոնագրերի եւ հետընդունման բանակցային գործընթացն ավարտելու եւ պայմանագրերի շուտափույթ վավերացման անհրաժեշտության մասին : Կարեւորվել է այդ պայմանագրերի իրագործումը, ինչը ճանապարհ կհարթի դեպի մուտքի արտոնագրերի ազատականացումը Հայաստանի քաղաքացիների համար:

Շտեֆան Ֆյուլեն, իր հերթին, երախտագիտություն է հայտնել Հայաստանի կառավարության որոշման համար, որով Եվրամիության քաղաքացիները կարող են առանց վիզաներ ձեռք բերելու մուտք գործել Հայաստան:

Կարեւորվել է նաեւ Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը ազատ եւ եվրոպական չափանիշներին համապատասխան նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահը նույն օրը հանդիպել է Բելգիայի Սենատի նախագահ Սաբին դը Բեթյունի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահ Անդրե Ֆլաոյի հետ:

Հանդիպման ժամանակ կարեւորվել են երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությունն ու շփումների ակտիվացումը, այդ թվում` խորհրդարանական բարեկամական խմբերի եւ մշտական հանձնաժողովների անդամների փոխայցելությունները: Կարեւորվել է նաեւ միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում խորհրդարանականների սերտ համագործակցության հաստատումը:

Քննարկման ժամանակ կարեւորվել է Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարը, այդ թվում` այն փաստը, որ Եվրամիության Արեւելյան գործընկերության նոր գաղափարախոսության հիմքում ընկած է «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքը, որը նախատեսում է Եվրամիության կողմից գործընկեր երկրներին ավելի շատ աջակցության տրամադրում` ավելի շատ բարեփոխումների դիմաց:

Անդրադառնալով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին` Աբրահամյանը վստահեցրել է, որ, անկախ տարածաշրջանում առկա խնդիրներից եւ մարտահրավերներից, Հայաստանը հաստատակամորեն ընտրել է պետականաշինության ժողովրդավարական ճանապարհը: Հայաստանը հաստատակամ է եվրոպական չափանիշներին համապատասխան խորքային եւ համակողմանի բարեփոխումները շարունակելու հարցում: Եվրամերձեցման քաղաքականությունը Հայաստանի համար ոչ միայն ներքին բարեփոխումների, այլեւ արտաքին քաղաքական օրակարգի առանցքներից է:

Ազգային ժողովի նախագահը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին` նշելով, որ հայկական կողմի դիրքորոշումը հիմնված է միջազգայնորեն ընդունված երեք սկզբունքների վրա. դրանք են` ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառումը, ազգերի ինքնորոշումը եւ տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է այս գործընթացին՝ կառուցելով իր քաղաքականությունը միայն մեկ՝ տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ընդգծել է Աբրահամյանը` հավելելով, որ այս մոտեցմամբ հնարավոր չէ խոսել փոխզիջումների մասին:

Նա նշել է նաեւ, որ Ադրբեջանը, խեղաթյուրելով հակամարտության էությունն ու հետեւանքների բուն պատճառները, նաեւ քայլեր է ձեռնարկում հակամարտության կարգավորման մեջ ներքաշելու այլ միջազգային կազմակերպությունների` փորձելով խոչընդոտել բանակցային գործընթացը եւ հետապնդելով քարոզչական նպատակներ, ինչը միանգամայն անընդունելի է:

Կողմերը խոսել են նաեւ Բելգիայի հայ համայնքի դերի ու նշանակության մասին: Բելգիայի Սենատի նախագահ Սաբին դը Բեթյունը նկատել է, որ յուրաքանչյուր երկրում հայկական համայնքը յուրօրինակ կամուրջ է տվյալ երկրի եւ Հայաստանի միջեւ, եւ ցանկալի է, որ այդ կամուրջը լինի ամուր ու անսասան: Նրա գնահատմամբ` Բելգիայի հայ համայնքը իր նպաստն է բերում ինչպես Բելգիայի սոցիալ-տնտեսական ոլորտի զարգացմանը, այնպես էլ հայ - բելգիական հարաբերությունների սերտացմանը:

Հովիկ Աբրահամյանը Բելգիայի Թագավորության Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահներին հրավիրել է Հայաստան:

Ազգային ժողովի նախագահի հաջորդ հանդիպումը Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբակցության ղեկավար Ժոզեֆ Դոլի հետ էր:

Աբրահամյանը կարեւորել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության դերը եվրոպական ինքնության պահպանության եւ Եվրոպական միության գործընկեր երկրների հետ համագործակցության խորացման գործում:

Ազգային ժողովի նախագահը հայաստանյան կուսակցությունների անդամակցությունը ԵԺԿ-ին ընդհանուր քրիստոնեական ժառանգությունից, հիմնարար ազատությունների, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների սկզբունքներին հավատարմությունից բխող քայլ է համարել: Նրա խոսքերով` վերջին տարիներին Հայաստանի նախագահի գլխավորությամբ մեծ ջանքեր են գործադրվել եվրոպական արժեհամակարգի վրա հիմնված ժողովրդավարական երկիր կառուցելու, Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, որի արդյունքները ավելի ու ավելի տեսանելի են դառնում:

Կողմերն անդրադարձել են նաեւ Ասոցիացման համաձայնագրի վերաբերյալ բանակցություններին։ Աբրահամյանը հույս է հայտնել մինչեւ 2013 թվականի Վիլնյուսի գագաթնաժողովը ավարտին հասցնել բանակցային գործընթացը:

ԵԺԿ խմբակցության ղեկավարի հետ քննարկվել են նաեւ Արեւելյան գործընկերության բազմակողմ ձեւաչափով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր, կարեւորվել է այս ձեւաչափով ԵՄ-ի եւ գործընկեր երկրների հետ համագործակցության խորացումը: Նշվել է, որ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներն ակտիվորեն համագործակցում են Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության անդամների հետ ինչպես Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի, այնպես էլ Եվրամիություն - Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի շրջանակներում:

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Հայաստանը հանդես է եկել նախաձեռնությամբ` Եվրանեսթի լիագումար նստաշրջանը 2014 թվականին Երեւանում անցկացնելու համար:

Անդրադարձ է եղել նաեւ փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին: Ազգային ժողովի նախագահի գնահատմամբ` Հայաստանի իշխանությունները ունեն քաղաքական կամք` ընտրությունները թափանցիկ եւ եվրոպական չափանիշներին համապատասխան անցկացնելու համար, ինչը Հայաստանի հետագա առաջընթացի լավագույն երաշխիքը կլինի:

Հովիկ Աբրահամյանը Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարեւորել է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային հարաբերությունների տեսանկյունից: Այս հարցում Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով, հավատարիմ է մնացել Ցյուրիխում ստորագրած արձանագրությունների ոգուն եւ պատրաստակամ է առանց նախապայմանների կատարելու իր ստանձնած պարտավորությունները: Այնինչ Թուրքիան շարունակում է առաջ քաշել արձանագրություններում բացակայող նախապայմաններ, որոնք ի սկզբանե անընդունելի են Հայաստանի համար, ընդգծել է նա։

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Եվրախորհրդարանում ԵԺԿ խմբակցության ղեկավար Ժոզեֆ Դոլին հրավիրել է Հայաստան:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական հրավերով Բրյուսել է ժամանել հունվարի 8-ին: Այսօր Հովիկ Աբրահամյանը պաշտոնական հանդիպումներ կունենա Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ:

Պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Վահե Էնֆիաջյանը, Խաչիկ Հարությունյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը եւ Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG