Մատչելիության հղումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առթիվ


Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում եւ Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ տարեմուտի այս երեկո:

Նոր տարվա շեմին ենք վերստին. հուսառատ հոգով պատրաստվում ենք դիմավորել փրկչական 2013 թվականը, նաեւ վերհիշում ենք մեր ապրածը, մեր ձեռքբերումներն ու կորուստները անցնող տարում:

Գոհություն եւ փառք Աստծուն, ապրեցինք խաղաղության մեջ, ջանքեր գործադրեցինք հոգեւոր եւ ազգային մեր կյանքի զորացման, մեր ժողովրդի բարօրության եւ առաջընթացի համար, ջանացինք հաղթահարել մեր առջեւ ծառացող խնդիրները: Ունեցանք եւ՛ հաջողություններ, եւ՛ դժվարություններ: Տագնապեցինք Մերձավոր Արեւելքում ապրող մեր ժողովրդի զավակների համար, որ շարունակում են կրել պատերազմական իրավիճակի նեղությունները:

Տարեմուտի այս երեկո, երբ մեր ավարտուն եւ անավարտ գործերով, ձեռքբերումներով, հոգսերով ու խնդիրներով պատմությանն ենք հանձնում անցնող տարին, աղոթքն ու մաղթանքն է Հայրապետիս հոգում, որ նոր` 2013 թվականը լինի խաղաղաբեր ու բարեբեր աշխարհի եւ մեր ժողովրդի համար, եւ հավատավոր Մեր զավակները Հայրենիքում եւ Սփյուռքում ապրեն ու գործեն ազգասեր ու հայրենասեր ոգով, առ Աստված անսասան հավատքով, որպեսզի Տիրոջ զորակցությամբ իրականություն դարձնենք ազգային վերազարթոնքի մեր հույսերն ու տեսիլքները:

Եկող նոր տարին մեր կյանքում առանձնանում է նախագահական ընտրություններով, որը մեր բարօր, արդար ու ծաղկուն կյանքի հավատով պիտի դարձնենք բարի հանգրվան մեր երկրի կայուն առաջընթացի ու զարգացման, մեր հզոր Հայրենիքի կերտման ճանապարհին: Բոլոր դժվարություններով ու խնդիրներով հանդերձ այսօր ավելի մոտ ենք տեսնում այդ լուսավոր օրը, որը մեր ջանք ու աշխատանքով պիտի կյանքի կոչենք, յուրաքանչյուրս մեր տեղում, որպես ճշմարիտ հավատացյալներ, որպես արժանավոր քաղաքացիներ եւ ազնիվ զավակներ մեր երկրի: Այս հուսաբեր ժամանակում չունենք նահանջի իրավունք: Դեռ պետք է առավել զորացնենք ու ամրագրենք Արցախի անկախությունը, հասնենք համընդհանուր ճանաչմանը Հայոց Ցեղասպանության, որի 100-ամյա տարելիցի ոգեկոչումը ուժ եւ անբեկանելի զորություն պիտի հաղորդի մեր ազգային միասնականությանը` շարունակելու մեր ջանքերը հանուն արդարության եւ մեր իրավունքների պաշտպանության:
Այս պահին, երբ բոլորս համակված ենք նույն զգացումներով, նույնացած ենք մեր լավատեսությամբ, հայրենյաց սիրով, ազգային հույսերով, մեր մաղթանքներով ու աղոթքներով, հաստատուն պահենք մեր կամքը` ազգանպաստ ու հայրենանվեր գործերով կերտելու լուսավոր նոր օրը մեր ազգի, շենացնելու երկիր հայրենին, հավելելու պայծառությունը մեր Սուրբ Եկեղեցու:

Բարի սպասումներով լի տարեմուտի այս պահին մեր աղոթքներում հիշենք Սիրիայում ապրող մեր ժողովրդի զավակներին, բոլոր նեղյալներին ու կարոտյալներին, աղոթենք հեռվում գտնվող մեր մերձավորների, 2012 թվականին ի Տերը ննջածների համար: Աղոթք բարձրացնենք Հայրենիքի սահմանները հսկող մեր բանակի եւ բոլոր նրանց համար, ովքեր իրենց ծառայական դիրքերում են դիմավորում նոր տարին:

Թող Աստված Իր օրհնության ներքո պահպանի ամենքիս, սիրելիներ` պարգեւելով խաղաղ ու բարի օրեր, հայրենաշեն ու ազգանվեր ջանքերի արդյունավորում, առաջընթաց ու բարգավաճում: Թող 2013 թվականը լինի հոգեւոր արգասավորության, բարիքով առատ, ձեռքբերումներով եւ ուրախությամբ լեցուն տարի: Շնորհավոր նոր տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG