Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահն այցելել է պաշտպանական դիրքեր


Լուսանկարը՝ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության
Լուսանկարը՝ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր այցելել է Հայաստանի պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել մարտական հենակետերում հերթապահության կազմակերպմանը, զինվորների ծառայության ու կենցաղային պայմաններին:

Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել սպաներին ու զինվորներին ծառայության համար, շնորհավորել ու բարեմաղթանքի խոսքեր ասել Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

«Պարտավոր ենք մեր սահմաններն ամուր պահպանել: Այսօր Հայաստանի նախագահի հրահանգով խորհրդարանականները, կառավարության անդամները գտնվում են սահմանամերձ գոտիներում, այցելում զինվորներին, շնորհավորում գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մենք պետք Է բարձր գնահատենք նրանց ծառայությունը, պարտավոր ենք լինել նրանց կողքին, աջակցել», - լրագրողներին ասել է Հովիկ Աբրահամյանը:

«Կարող ենք փաստել, որ այսօր մեր երկրի պաշտպանության ու անվտանգության հարցը, որը մեր ժողովրդի ու պետության համար ամենակարեւոր բաղադրիչն է, գտնվում է ամուր ձեռքերում, երկրի նախագահի ուշադրության կենտրոնում: Մենք պարտավոր ենք է՛լ ավելի ամրապնդել մեր սահմանները, զինվորների համար ստեղծել այնպիսի պայմաններ, որ նրանք կարողանան լավագույնս պաշտպանել մեր ժողովրդի անդորրն ու պետության անվտանգությունը», - ընդգծել է նա։

Խորհրդարանի նախագահն ամանորյա նվերներ է հանձնել սահմանապահներին:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի ընթացքում Աբրահամյանին ուղեկցել են պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, բարձրաստիճան զինվորականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG