Մատչելիության հղումներ

Հայաստանում գնաճը կազմել է 2.6 տոկոս


Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հայտարարում է, որ այս տարի` նախորդ տարվա համեմատ, մեր երկրում ապրանքների ու ծառայությունների գները աճել են ընդամենը 2.6 տոկոսով:

Այս տվյալը Ազգային վիճակագրական ծառայությունն հրապարակեց այսօր` կեսօրին, եւ նույն ժամին էլ մամուլի ակումբներից մեկում լրագրողների հանդիպման էր եկել Ազգային վիճակագրական ծառայության Գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Նա մանրամասնեց, թե պարենային ապրանքների գները տարվա ընթացքում աճել են միայն 2 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը` 4.6 տոկոսով, իսկ ծառայությունների գները` 2.1 տոկոսով:

Հարցին, թե ինչո՞ւ տարին դեռ չավարտված ծառայությունը ամփոփել է 2012թ.-ը եւ ներկայացնում է տարեկան արդյունքները, Մարտիրոսյանը պարզաբանեց, որ ինչպես անցած տարիներին, այս տարի եւս յուրաքանչյուր ամսվա գնաճի հետ կապված դիտարկումներն անցկացվում են տվյալ ամսվա 1-ին, 10-ին եւ 20-ին ու տվյալների ամփոփումով էլ ներկայացվում են այդ ամսվա գնաճի ցուցանիշները: Իսկ դեկտեմբերի վերջին օրերի տվյալները, ինչպես ամեն տարի, արդեն տեղ կգտնեն հաջորդ տարվա հունվարին վերաբերող ցուցանիշների մեջ:

Գուրգեն Մարտիրոսյանը հրապարակեց ուշագրավ եւս մեկ տեղեկություն. 2011թ.-ին` 2010-ի համեմատ, տարեկան գնաճը եղել է 7.7 տոկոս, 2010թ.-ին` 2009-ի համեմատ, 8.2 տոկոս: Այս տարի, ինչպես ասացինք, 2011-ի համեմատ գնաճը կազմել է 2.6 տոկոս:

Հանրապետությունում գնաճը, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, դանդաղել է մի քանի անգամ` նախորդ տարիների համեմատ:

Մարտիրոսյանին հարցրեցինք, թե որո՞նք են այն սոցիալ-տնտեսական փոփոխությունները, որոնց արդյունքում գնաճը այս տարի բավականին կտրուկ` ավելի քան երեք անգամ, դանդաղել է նախորդ տարիների համեմատ:

«Նախ, մենք արդեն ունեինք բարձր գնաճային բազա՝ նախորդ տարիների ձեւավորված, գները բավականին բարձր էին: Եվ մյուս կողմից՝ գյուղատնտեսության արտադրության ծավալը, որը էականորեն բարձր է 2012 թվականին: Գյուղատնտեսության այսպիսի աճը նպաստում է ընդհանուր գների նվազմանը», - պատասխանեց ԱՎԾ Գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետը:

Նշենք նաեւ, որ Մարտիրոսյանի փոխանցմամբ, վիճակագրական ծառայությունը Հայաստանում գնաճը հաշվում է հիմք ընդունելով 470 անուն ապրանքների ու ծառայությունների գների փոփոխությունը:

«Հայաստանում երեք տարին մեկ վերանայվում են [տարբեր ապրանքային խմբերի] կշիռները, ու հիմա պարենային ապրանքների խմբի կշիռը մեծացվել է: Այսինքն ունենք վատ տարի, ունենում ենք բարձր գնաճ, ունենք լավ տարի՝ ունենք ցածր գնաճ», - այս առնչությամբ մեկնաբանեց տնտեսագետ Սամվել Ավագյանը, - «Դա մեր վիճակագրական մեթոդոլոգիայի թերություն է, որովհետեւ ցույց չի տալիս կյանքի թանկացման աստիճանը: Մեզ մոտ սպառողական գների ինդեքսի եւ կյանքի թանկացման միջեւ համաչափություն չկա: Կյանքը ավելի արագ է թանկանում, մարդիկ դա զգում են, իսկ սպառողական գների ինդեքսը միշտ չէ, որ արտահայտում է հենց այդ կյանքի թանկացումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG