Մատչելիության հղումներ

Բնապահպանները հիմնական խոչընդոտ են համարում կոռուպցիան


Թռչկանի ջրվեժը, արխիվ
Թռչկանի ջրվեժը, արխիվ

Բնապահպանները 2012 թվականին իրենց գործունեության հիմնական խոչընդոտը համարում են կոռուպցիան պետական կառավարման համակարգում։

Մատնացույց անելով Մաշտոցի պուրակի, Քաջարան գյուղի, Թռչկանի ջրվեժի օրինակները՝ բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասում էր, թե հաջողության հասել են բացառապես հանրային կոշտ ճնշման միջոցով։

«Մենք իշխանության հետ հարց չունենք քննարկելու։ Մենք իրենց պիտի թելադրենք օրակարգը ինչ է, ու իրենք պիտի ենթարկվեն, որովհետեւ իրենք առ օրս ոչ մի ճիշտ բան չեն անում մեր երկրի համար», - հայտարարեց ակտիվիստը։

2012-ի ամենամեծ ձեռքբերումներից մեկը բնապահպանները համարում են այն, որ գյուղից գյուղ շրջելով հանրային գիտակցություն են փոխել, հաճախ առճակատման գնալով գյուղացիների հետ` կարողացել են բացատրել, որ հանքարդյունաբերությունը չէ իրենց ապագան:

«Մենք շատ կարեւոր մի բանի ենք հասել, որ ընդամենը 3 աղջիկ կարողացան 2 ամսում Թեղուտից 800 կիլոգրամ մեղր վաճառել գյուղացիների հետ աշխատելով եւ այդ մարդկանց ապացուցել, որ դու քո բնական միջոցներով ավելի շատ փող կվաստակես եւ քո սերունդներին կթողնես այդ ամենը, քան թե ինչ-որ ժամանակավոր 80-100 հազար դրամով հանքափոր դառնալով։ Այս անգամ արդեն գյուղացիները մեզ հետ են», - պատմում է Եղիա Ներսիսյանը։

Թեղուտը կդառնա 2013-ի պայքարի առանցքը։ Բնապահպանները դատարան դիմելու իրավասություն չունեն, քանի որ ըստ հայաստանյան օրենսդրության՝ նրանք որեւէ կերպ չեն առնչվում գործին:

«Հիմնական մեր ասածը այն է, որ այդ հանքը շահագործվում է ապօրինի, որը արձանագրվել է նաեւ Օրհուսի միջազգային կոնվենցիայով», - ասում է ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը՝ նշելով, որ իրենց ակցիաների օրակարգում հանքի շահագործումը մեկընդմիշտ կասեցնելն է։

Բնապահպանները տարօրինակ են գնահատում ստեղծված իրավիճակը, երբ, ըստ էության, իրենք պայքարի մեջ են մտել Բնապահպանության նախարարության հետ՝ ստիպված լինելով իրենք ստանձնել հսկող տեսուչների դերը։ Բնապահպան ակտիվիստ Լեւոն Գալստյանի խոսքով, ողջ տարին նախարարությունը զբաղված էր հանրությանը համոզելով, թե ակտիվիստներն են սխալ։

«Բոլոր լուրջ դեպքերը արձանագրվել են հանրության ահազանգից հետո։ Մնացած դեպքերը, որ իրենք են հայտնաբերել, եղել է՝ մեկ հատ ծառ կտրել, 50 լիտր ջուր ավել վերցնել․․․ իսկ այն խայտառակ դեպքերը, որ եղել են տարվա ընթացքում, բոլորը չգիտես ինչու հանրությունն է հայտնաբերել։ Մենք տեսնում ենք լրիվ բարձիթողի վիճակ, ոչ մի վերահսկողություն չկա։ Դեռ պետք է դու էլ հետեւողական լինես, որ քո ահազանգից հետո իրենք արձագանքեն», - նշում է ակտիվիստը։

Պաշտոնյաների հետ վերջին հանդիպումը Միացյալ Նահանգներում էր․ վարչապետի այցին զուգահեռ Եղիա Ներսիսյանը բողոքի ակցիա էր կազմակերպել` սփյուռքահայ երիտասարդներին ներգրավելով բնապահպանական շարժման մեջ։

«Ի դեպ՝ այդ հարցը շատ էր բարձրանում Ամերիկայում՝ արդյո՞ք արժե հայկական իրականությունը օտար երկրներում ցույց տալ», - պատմում է Եղիա Ներսիսյանը, - «Այո, դա մի կարծրատիպ է, որը պետք է ջարդվի։ Մեր իրականության մասին ինչ որ կա, դա պետք է ցույց տալ, ոչ թե միայն ցույց տանք, որ մեր Երեւանը ունի Հյուսիսային պողոտա եւ լուսավոր փողոցներ։ Հայկական իրականությունը շատ ավելի գորշ է, քան վարդագույն, որ իրենք ներկայացնում են, եւ այդ գիտակցությամբ այդ երիտասարդները դուրս եկան վարչապետին ընդառաջ։ Եվ իրենց համար դա շատ մեծ հաղթանակ էր, ասում էին՝ սա մեզ համար հեղափոխություն էր, որ մենք կարողացանք վարչապետին դեմ դուրս գալ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG