Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան. «Սոսկալի խախտումներ` պետական շահի պատրվակով»


«Մեր հայրենիքը թունավորվում է», - այսօր հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Արդեն առավել քան հստակ է, որ հանքարդյունաբերության աճը Հայաստանում համահունչ չի եղել պետական շահին եւ առավելապես ներկայացրել է արտոնյալների շահերը, որոնք հասցրել են կուտակել հսկայական ծավալների հասնող հարստություն, այն ժամանակ, երբ մեր երկիրը գլխիվայր սլանում է դեպի աղքատություն եւ հուսալքում», - ասված է հայտարարությունում, որը Հովհաննիսյանը ստորագրել է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ - «Վերջին ժամանակահատվածում մենք ականատեսն ենք պետական շահի պատրվակով սոսկալի խախտումների, պատմական հուշարձանների ավերածությունների, ընդարձակ եւ զարգացող էկոհամակարգերի ոչնչացման: Հայաստանում լճերը, փարթամ անտառների փոխարեն, շրջապատված են վտանգավոր արտանետումներով»։

«Ժամանակն է շտկելու այս ամենը», - ընդգծում է Րաֆֆի Հովհաննիսյանը` մանրամասնելով. - «Այսօր մենք միասնաբար պահանջում ենք. առաջին` հանքարդյունաբերության շահագործման լիցենզիաների վերանայում` ներառյալ Թեղուտի շահագործվող հանքավայրը, որը գտնվում է Լոռու մարզի հիասքանչ անտառով պատված գոտում, երկրորդ` օրակարգում գտնվող եւ հաստատման սպասող բոլոր լիցենզիաների առկախում՝ մինչեւ շահագործման արտոնությունների տրամադրման գործընթացի իրավական ու թափանցիկության հարցերին առնչվող համապարփակ, երրորդ` բազմակողմանի խորհրդարանական հետաքննության իրականացում, բնապահպանական օրենսգրքի ու հարկման մեխանիզմների վերաձեւակերպում` ապահովելով, որ ազգային հարստություններն այսուհետ շահագործվեն միմիայն հաշվի առնելով շրջակա միջավայրի եւ Հայաստանի քաղաքացու շահերը»։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG