Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Կառավարություն - բիզնես երկխոսությունը կշարունակվի»


Տարին ամփոփվելու է բյուջեի՝ լիովին կատարված ցուցանիշներով, ինչի անհնարինության մասին ողջ տարվա ընթացքում ի լուր աշխարհի հայտարարում էին հոռետեսները: Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար այսօր նախագահականում կազմակերպված ընդունելության ժամանակ:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գործարարներին ոչ միայն ընթացիկ աշխատանքի, նախաձեռնությունների եւ դրանց արդյունքների, այլեւ տարվա ընթացքում համագործակցության, տարբեր իրավիճակներում պետության եւ ժողովրդի առջեւ ծառացած նոր մարտահրավերներին հավուր պատշաճի արձագանքելու համար:

Սերժ Սարգսյանը ասել է, որ այս տարի չափազանց առատ բերք է եղել, եւ վերամշակող ընկերությունները, ականջալուր լինելով իշխանությունների հորդորներին, արել են ամեն ինչ, որպեսզի գյուղացու աշխատանքը ջուրը չթափվի, մթերել են ռեկորդային քանակությամբ միրգ ու բանջարեղեն` միաժամանակ մեծ ջանքեր գործադրելով իրացման նոր շուկաներ ու նոր պայմանագրեր ձեռք բերելու համար:

«Բիզնեսի համար հարմարավետ միջավայր ստեղծելու ջանքերը լինելու են շարունակական ու հետեւողական: Մեր նպատակն է, որ տեղական եւ օտարերկրյա գործարարի ու ներդրողի համար Հայաստանը վերաճի գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից ապահով, կայուն եւ օրենքի գերակայությամբ բնորոշվող միջավայրի», - հայտարարել է նախագահը՝ շարունակելով. - «Արդյունքը պետք է լինի առարկայական, տեսանելի ու շոշափելի` երկիրը գործարար միջավայրի դյուրինությամբ ընդգրկելով աշխարհի առաջատար երկրների շարքում: Հետեւողականորեն շարունակելու ենք զարգացնել եւ արդիականացնել հարկային ու մաքսային համակարգերը, էական է դառնալու արդար դատական համակարգի դերը»:

«Մեզ համար կարեւոր է, որ յուրաքանչյուր նոր տարին լինի նախորդից ավելի արդյունավետ, լինի առանց սոցիալական ու քաղաքական ցնցումների եւ ավելացնի բարիքները մեր երկրի ու ժողովրդի համար: Ապագայում եւս շարունակվելու են կառավարություն - բիզնես երկխոսությունն ու համագործակցությունը: Այստեղ մենք արդեն ունենք դրական փորձ եւ զգալի արդյունքներ: Այդ արդյունքները պետք է ամրապնդվեն, իսկ համագործակցությունը պետք է խորանա եւ նոր լիցք ստանա», - ասել է Սերժ Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG