Մատչելիության հղումներ

Ղարաբաղը նշում է անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրը


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ:

«1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն պատմական իրադարձություն էր արցախցիների կյանքում, որը կանխանշեց մեր երկրի հետագա զարգացման ուղին: 15 տարի հետո` 2006 թվականին նույն օրը, կրկին համաժողովրդական հանրաքվեի միջոցով մենք ընդունեցինք պետության ու հասարակության հիմնական օրենքը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը: Դրանով իսկ մեր ժողովուրդը կրկին վերահաստատեց իր հավատարմությունը ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին ու համամարդկային արժեքներին` մեկ անգամ եւս ապացուցելով, որ իր ընտրած ուղին անսասան է ու ճիշտ, ընթացքն` անկասելի ու հաստատուն», - մասնավորապես ասված է Բակո Սահակյանի ուղերձում, - «Մեր նպատակն է իրականացնել մեր նախնիների դարավոր երազանքը` ունենալ ուժեղ, զարգացած ու հզոր հայրենիք, ապահովել ժողովրդի բարեկեցիկ կյանքը, սերունդների համար կերտել պայծառ ու լուսավոր ապագա: Եվ ես վստահ եմ, որ մենք կկարողանանք կյանքի կոչել մեր համազգային նպատակները` կյանքի կոչել միասնաբար ու համախմբված, ուս ուսի հաղթահարելով բոլոր դժվարությունները եւ քայլ առ քայլ մոտենալով մեր վերջնական հաղթանակին: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս այս պետական կարեւոր տոնի առթիվ եւ մաղթում նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ` Արցախի անկախ պետականության զորացման անշեղ ճանապարհին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG