Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը այցելում է Գերմանիա


Երեկ մեկնարկած հայ - գերմանական գործարար համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Ֆրանկֆուրտում հանդիպել է «Օրաքլ» ընկերության փոխնախագահ Ալան Բլանքին:

Ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել է «Օրաքլ»-ի ներգրավման հնարավորությունը հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ընկերությանը ներկայացվել են մի շարք ծրագրեր, որոնք կարող են հետաքրքրական լինել համագործակցության համար` Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտի, Գյումրու տեխնոպարկի, կրթական նախագծեր:

Ալան Բլանքն ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում ծրագրեր իրականացնելու գործում եւ ծանոթ են արդեն իսկ մեկնարկած եւ գործող բազմաթիվ այլ ընկերությունների ծրագրերի:

«Օրաքլ» ընկերությունը եվրոպական շուկայի առաջատարներից է ՏՏ լուծումների, տվյալների եւ էլեկտրոնային կառավարման ոլորտներում ունեցած իր հաջողություններով:

Հայ - գերմանական համաժողովի շրջանակներում մեկ այլ հանդիպման ժամանակ, հայաստանյան «Լոռի Ամրոց» ընկերության, «ՎՕԻԹՀ Հիդո ԳՄԲՀ եւ Քո»-ի, «Շպարկս» բանկի եւ «Քոմմիթ գրուպ»-ի միջեւ ստորագրվել է համաձայնագիր «Լոռի Բերդ Հիդրոէլեկտրոկայանի» ծրագրի ֆինանսավորման եւ կառուցման վերաբերյալ:

Երեկ Տիգրան Սարգսյանն այցելել է Մայնց քաղաք, որտեղ հանդիպում է կայացել Ռեյնլանդ Պֆալթս երկրամասի վարչապետ Կուրտ Բեկի հետ, այնուհետեւ Հայաստանի կառավարության ղեկավարը մասնակցել է Մայնց քաղաքի «Գուտենբերգ» թանգարանում կազմակերպված հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսին:

Տիգրան Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել կազմակերպիչներին, «Գուտենբերգ» թանգարանին՝ հայկական մշակույթը գերմանական հասարակությանը ներկայացնելու այս բացառիկ հնարավորությունը ստեղծելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG