Մատչելիության հղումներ

Վարչապետը կայցելի Գերմանիա եւ ԱՄՆ


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 6-14-ը աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա եւ ԱՄՆ:

Այսօր վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա այցով կժամանի Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ կմասնակցի Commerzbank-ի կենտրոնակայանում կայանալիք գործարար համաժողովին եւ հանդիպում կունենա Commerzbank-ի ղեկավարության հետ:

Նախատեսվում է Տիգրան Սարգսյանի հանդիպումը երկրամասի ղեկավարության եւ գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ Ֆրանկֆուրտի հայ համայնքի հետ: Կառավարության ղեկավարը կմասնակցի նաեւ Gutenberg թանգարանում կազմակերպվող` հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսին:

Դեկտեմբերի 8-ին Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանկֆուրտից կմեկնի ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգ:

Կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` եռօրյա աշխատանքային այցի առաջին օրը Հայաստանի վարչապետը կայցելի Կալտեք համալսարան, հանդիպում կունենա համալսարանի ղեկավարության, ինչպես նաեւ Կալիֆորնիայի հայ գիտնականների հետ: Հանդիպմանը ներկա կլինի նաեւ ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆը:

Դեկտեմբերի 9-ին Տիգրան Սարգսյանը կայցելի Գեթթի թանգարան` 14-րդ դարի Վերածննդի դարաշրջանի սկզբի Ֆլորենցիայի գեղանկարչության ցուցադրությունը դիտելու, եւ Գեթթի պահոց՝ Զեյթունի Ավետարանի 8 էջերին ծանոթանալու նպատակով: Այնուհետեւ վարչապետը կժամանի Բըրբանք` Հայ Առաքելական եկեղեցու Արեւմտյան Ամերիկայի առաջնորդարան, որտեղ կհանդիպի Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին:

Այցի երրորդ օրը Տիգրան Սարգսյանը Սթենֆորդի համալսարանում կմասնակցի ArmTech Congress-ի լիագումար նիստին եւ հանդես կգա ելույթով: Կառավարության ղեկավարը կայցելի Plug and Play համակարգչային ընկերությունների ինկուբատոր, որտեղ ներկա կգտնվի Հայաստանի ՏՏ ներկայացուցչական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը եւ Հայաստանում վենչուրային հիմնադրամի ստեղծման մասին հուշագրի ստորագրմանը: Նախատեսվում է նաեւ Intel ընկերության կողմից Հայաստանում գիտահետազոտական կենտրոն հիմնելու մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրում, Տիգրան Սարգսյանի այցը IBM ընկերության Ալմադեն հետազոտական կենտրոն եւ հանդիպում IBM-ի ղեկավարության հետ:

Դեկտեմբերի 11-ին Հայաստանի կառավարության ղեկավարը կմեկնի Բոսթոն, որտեղ նախատեսվում է նրա մասնակցությունը Հարվարդի համալսարանի Բելֆեր կենտրոնում կայանալիք սեմինարին: Տիգրան Սարգսյանը կայցելի նաեւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, կհանդիպի տեղի հայ ուսանողների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Դեկտեմբերի 14-ին վարչապետի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

Կառավարական պատվիրակության կազմում են էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, այլ պաշտոնյաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG