Մատչելիության հղումներ

Շիֆը կոչ է անում Բաքվին զրկել ԱՄՆ-ի ռազմական օգնությունից


Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի անդամ, հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը երեկ Ներկայացուցիչների պալատին եւ Սենատին կոչ է արել Ադրբեջանին զրկել անվտանգության ոլորտին ուղղված որեւէ օգնությունից։

Ինչպես փոխանցում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը, Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի համապատասխան հանձնաժողովների ղեկավարությանը հղած նամակներում Կալիֆորնիան ներկայացնող դեմոկրատ կոնգրեսականը, մասնավորապես, գրել է. - «Ադրբեջանը թույլ է տվել ամենաահավոր ոտնձգությունը արդարադատության դեմ` հերոսացնելով սառնարյուն մարդասպանին։ Ակնհայտորեն, ադրբեջանական զինված ուժերի վարժանքներին մեր ուղղած ներդրումները առավել քան վատնվել են։ Միացյալ Նահանգները չպետք է հանդուրժի Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի որեւէ ակտ, եւ նախագահ Ալիեւի այդ զազրելի գործողությունը վտանգում է տարածաշրջանում խաղաղ կարգավորման հասնելու միջազգային բոլոր ջանքերը»։

«Ադրբեջանը պետք է մեծ գին վճարի իր գործողությունների համար։ Բաքուն թանկ է գնահատում Վաշինգտոնից ստացած անվտանգության օժանդակությունը ոչ այն պատճառով, որ փողի կարիք ունի, այլ որովհետեւ այն նշանակում է որոշակի մերձություն երկկողմ հարաբերություններում։ Զրկելով Ադրբեջանին ռազմական օգնությունից` Միացյալ Նահանգները ցույց կտա իր արգահատանքը Սաֆարովի գործի կապակցությամբ, հիշեցնելով նաեւ Ալիեւին, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի որեւէ ակտ», - շեշտել է Ադամ Շիֆը իր նամակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG