Մատչելիության հղումներ

Հայաստանի ՊՆ տեսչական խումբը` Թուրքիայում


Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին (ԵՍԶՈւ) պայմանագրի շրջանակներում նոյեմբերի 26-ից մինչեւ դեկտեմբերի 3-ը Հայաստանի պաշտպանության նախարարության տեսչական խումբը «Հայտարարված վայրի» տեսչություն է իրականացրել Թուրքիայի տարածքում:

Տեսչության են ենթարկվել Թուրքիայի զինված ուժերի 3-րդ դաշտային բանակի 9-րդ բանակային կորպուսի 14-րդ մեխանիզացված հետեւակային բրիգադը (Կարս) եւ 1-ին մոտոհրաձգային բրիգադի 5-րդ սահմանապահ գունդը (Իգդիր):

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ԵՍԶՈւ պայմանագրի դրույթների շրջանակներում տեսչական խումբը ճեպազրույց է անցկացրել վերոնշյալ ստորաբաժանումների հրամանատարների հետ մարտական խնդիրների, վարժանքների եւ ընդհանուր հարցերի շուրջ:

Տեսչության ընթացքում ճշգրտվել են զորամասերի հայտարարված աշխարհագրական կոորդինատներն ու սխեմաները, ստուգվել են պայմանագրով սահմանափակվող տեխնիկայի եւ սպառազինության (մարտական տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ, հրետանի) քանակը եւ դրանց առկայությունը հսկողության օբյեկտներում, դիտարկվել են զորամասերի սահմանագոտիները եւ ընդհանուր տարածքները:

Տեսչության ընթացքում Թուրքիայի կողմից ԵՍԶՈւ պայմանագրի դրույթների խախտումներ չեն արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG