Մատչելիության հղումներ

Արեւելյան գործընկերությունը կարեւորվում է «եվրոպական լավագույն փորձի ներդրման տեսանկյունից»


Եվրահանձնաժողովի նախագահը, Հայաստանի եւ Վրաստանի նախագահները, Մոլդովայի վարչապետը եւ ԵԺԿ-ի նախագահը լրագրողների համար հայտարարություններով հանդես եկան
Եվրահանձնաժողովի նախագահը, Հայաստանի եւ Վրաստանի նախագահները, Մոլդովայի վարչապետը եւ ԵԺԿ-ի նախագահը լրագրողների համար հայտարարություններով հանդես եկան
Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արեւելյան գործընկերության առաջնորդների երեւանյան գագաթաժողովի արդյունքում ընդունվեց համատեղ հռչակագիր:

Ինչպես գագաթնաժողովի ավարտից հետո իր խոսքում նշեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հռչակագրում արտացոլված է «մեր ընդհանուր տեսլականը Արեւելյան գործընկերության ապագայի, տարածաշրջանային հիմնահարցերի, ինչպես նաեւ ԵԺԿ դերակատարության շուրջ»:

Ուրբաթ երեկոյան Երեւանում տեղի ունեցած ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովից հետո լրագրողների հետ հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանը կարեւորում է Արեւելյան գործընկերությունը երկրում «ընթացող բարեփոխումներում եվրոպական լավագույն փորձի ներդրման տեսանկյունից»:

Գագաթնաժողովը Երեւանում անցկացվեց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ու Եվրոպական ժողովրդական կուսակացության (ԵԺԿ) նախաձեռնությամբ:

Հայաստանի նախագահից զատ գագաթնաժողովին մասնակցում էին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը, ԵԺԿ-ի նախագահ Վիլֆրիդ Մարտենսը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

«Արեւելյան գործընկերությունն ստեղծվել է որպես ընդհանուր արժեքների շուրջ փոխգործակցության ձեւաչափ: Հայաստանի համար այն կարեւորվում է ընթացող լայնածավալ բարեփոխումներում եվրոպական լավագույն փորձի ներդրման տեսանկյունից: Համոզված ենք, որ Արեւելյան գործընկերության առաքելությունը լիարժեքորեն իրականացված կլինի այն դեպքում, երբ բոլոր գործընկեր երկրները հավասարապես հանձնառու լինեին ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելուն», - ասաց Սերժ Սարգսյանը:

«Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի առանց նախապայմանների»

Հայաստանի նախագահի համոզմամբ՝ «որպես քրիստոնեադեմոկրատական կուսակցությունների ընտանիք՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը չի կարող հանդուրժել ժողովրդավարական ազատությունների ոտնահարումը, այլատյացությունը, ռազմատենչ հռետորաբանությունը, ուժի կիրառման սպառնալիքները»:

«Մեզ չի կարող չանհանգստացնել այն փաստը, որ Եվրամիության անդամակցությանը ձգտող Թուրքիան շարունակում է արեւելյան գործընկեր Հայաստանի ապօրինի շրջափակումը», - շարունակեց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, - «Համոզված ենք, որ Եվրոպայի այս վերջին փակ սահմանը պետք է բացվի անմիջապես եւ առանց նախապայմանների»:

Վիլֆրիդ Մարտենս. ԵԺԿ-ն լրջորեն ներգրավված է այս տարածաշրջանում

Իր խոսքում ԵԺԿ-ի նախագահ Վիլֆրիդ Մարտենսը կարեւորեց Եվրահանձնաժողովի նախագահի ներկայությունը գագաթնաժողովին եւ նրա ելույթը:

«Այն փաստը, որ Եվրահանձնաժողովի նախագահն է այստեղ եւ շատ տպավորիչ ելութ ունեցով, ապացուցում է, որ ԵԺԿ-ն լրջորեն ներգրավված են այս տարածաշրջանում», - իր խոսքում նշեց ԵԺԿ նախագահը:

Մարտենսը ասաց, թե Երեւանյան հռչակագրի համաձայն՝ «հիմնարար արժեքները, իրավուքները եւ ազատությունները» անկյունքարային նշանակություն ունեն Արեւելյան գործընկերության վեց երկրների ու Եվրամիության հարաբերությունների համար:

Երեւանում գտնվելու առթիվ իր գոհունակությունը հայտնեց նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

«Թույլ տվեք ասել, որ ես գոհ եմ, որ այստեղ` Երեւանում եմ եւ հանդիպեցի երեք երկրների` [Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի] առաջնորդների հետ: Սրանք այն երկրներն են, որ լավագույնս առաջընթաց են ապրել Արեւելյան գործընկերության շրջանականերում», - իր խոսքում ասաց Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզուն:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին էլ նշեց, թե իր, իր երկրի եւ կուսակցության համար «այլ երազանք չկա, քան անշրջելի դարձնել եվրոպական ուղղությունը իրենց համար»:

Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը ասաց, թե Երեւանում համաձայնություն է ձեռք բերվել «կարեւոր նպատակների շուրջ» 2013 թվականին Վիլնյուսում կայանալիք Արեւելայն գործընկերության գագաթանաժողովից առաջ, որի նպատակն է լինելու «ստորագրել քաղաքական ասոցացման եւ վիզայի ազատականացման մասին համաձայնագրեր եւ հասկանալ, թե ինչ ենք մենք անելու այդ գագաթնաժողովի ընթացքում եւ դրանից հետո»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG