Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 30-ի մամուլ


«Ժամանակ»-ի առաջնորդողում կարդում ենք. - «Եթե «Բարգավաճ Հայաստան»-ը հայտարարում է, որ Գագիկ Ծառուկյանը ամենավարկանիշային թեկնածուն է եւ ունի 500 հազար ձայն, ապա պարզ է, որ ԲՀԿ-ն նախագահի թեկնածուի կարգավիճակը չի զիջի Կոնգրեսին: ԲՀԿ-ն ընդհանրապես չի զիջի Կոնգրեսին այն պարզ պատճառով, որ ունի ՀԱԿ-ից ավելի մեծ հասարակական հենարան, թեկուզ լյումպեն հենարան: ԲՀԿ-ն այդ ամենը փողով է գնում, տրակտորով, թե այլ նյութական գայթակղություններով, այլ հարց է, առավել եւս, որ ՀԱԿ-ը խորհրդարանական ընտրություններում իր լռությամբ լեգիտիմացրել է ԲՀԿ-ի այդ «գնումները»: ՀԱԿ-ը նույնիսկ հայտարարում էր, թե տեղյակ չէ ԲՀԿ-ի նման գործողություններից: ՀԱԿ-ը փաստորեն ճանաչել է ԲՀԿ-ի առավելությունը: Այսինքն` ոչ թե ՀԱԿ-ն է ԲՀԿ-ին օգտագործում Սերժ Սարգսյանին հեռացնելու հարցում, այլ ԲՀԿ-ն է օգտագործում ՀԱԿ-ին: Եվ եթե ՀԱԿ-ը չի համարում, որ ԲՀԿ-ում համատարած տգետներ ու հիմարներ են, որ կարող են իրենց ահռելի ուժը ծառայեցնել ՀԱԿ-ին իշխանության բերելու համար, ապա մնում է միայն ենթադրել, որ կա’մ ՀԱԿ-ում տարրական հաշվարկների ու իրավիճակի գնահատման ունակ չեն եւ չեն հասկանում, որ իրենք ընդամենը ԲՀԿ-ին իշխանության բերելուն են ծառայում, կա’մ էլ ՀԱԿ-ում տարրական բարոյականության հետ խնդիրներ կան»:

Նույն խնդրի վերաբերյալ «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Առաջին հայացքից, իսկապես կարող է թվալ, թե ՀՀԿ-ԲՀԿ դաշինքի տարբերակը առավել նախընտրելին է: Այդ դեպքում ընտրությունները անհամեմատ սահուն կանցնեն, առանց էական խնդիրների ու խոչընդոտների, քաղաքական մեծ լարվածության: Գործող նախագահը կարող է ստանալ ընտրողների ձայների 70-80 տոկոսը եւ այլն: Սակայն ո՞րն է լինելու ԲՀԿ-ի սատարման գինը, հաշվի առնելով նրա օրեցօր աճող ախորժակը եւ ամբիցիաները։ Հասկանալի է, որ նման զարգացման դեպքում մի շարք առանցքային նախարարությունների նախարարական պորտֆելները, հնարավոր է, անգամ վարչապետի պաշտոնը, մի շարք մարզպետների պաշտոններ պետք է «տրվեն» ԲՀԿ-ին: Այսինքն՝ կունենանք նախկինում արդեն տեսած կոալիցիոն կառավարությունը՝ ԲՀԿ շատ ավելի մեծ «բաժնեմասով»»:

«Իրատես de facto»-ի հետ զրույցում պատգամավոր Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) ասում է. - «Որեւէ այլ երկրում նման իրավիճակը չափազանց արտառոց կգնահատվեր, որովհետեւ նախագահական ընտրությունները երկրի ճակատագրի համար կարեւորագույն քաղաքական միջոցառում են, եւ քաղաքական կուսակցությունները, եթե իրենք իրենց այդպիսին են համարում, պիտի պատրաստվեն շատ վաղուց: Թեկնածուների փնտրտուքի վերաբերյալ քննարկումներ պիտի ունենան, թեկնածուին ներկայացնեն հանրությանը, ճշտեն հանրության արձագանքը: Մեզ մոտ, ցավոք, վիճակը մտահոգիչ է, եւ դա ինձ թույլ է տալիս պնդել, որ քաղաքական ընդդիմության դաշտում լրջագույն պրոբլեմներ կան: Այն, որ այդ կուսակցություններն իրենց թեկնածուի վերաբերյալ հստակ տեսակետ չունեն կամ թաքցնում են այդ տեսակետը հանրությունից, կուսակցությունների մասին դրական չի խոսում: Եթե նրանք շարունակեն այդ կեցվածքը, իրենց համակիրների բանակը, կարծում եմ, էապես կնվազի, եւ դա կլինի համարժեք պատասխան. քաղաքական ուժը պարտավոր է իր համակիրներին տեղյակ պահել իր քայլերի մասին, հատկապես, երբ խոսքը վերաբերում է նախագահական ընտրություններին»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Գաբրիել Պողոսյանի՝ Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնում չհաստատելու փաստը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ հասարակական շարժումները Հայաստանում հեռանկար ունեն: Նրանց ներկայացուցիչների նկատմամբ վստահությունն էապես ավելի մեծ է, քան քաղաքական միավորների հանդեպ: Մենք հակված ենք վստահելու նրանց, ովքեր որեւէ մեկի թայֆայից չեն, քաղաքական խաղերում չկան, իշխելու ցանկություն չունեն: Նրանց, ովքեր իրենց առաջ դնում են կոնկրետ, իրատեսական նպատակներ: Ակնհայտ է, որ այսօր իշխանությունն ավելի շատ է հաշվի նստում հասարակության հետ, քան, ասենք, 5 տարի առաջ: Գուցե որոշ չափով դա պայմանավորված է նրանով, որ իշխանությունն է փոքր-ինչ ավելի խելամիտ ու ադեկվատ դարձել: Իրենց կարեւոր դերն են խաղում նաեւ սոցիալական ցանցերը, որտեղ տեղեկատվության ազատ փոխանակման համար սահմանափակումներ, ըստ էության, չկան: Հիմա իշխանությունը հասարակության հետ հաշվի է նստում, պայմանականորեն ասած, 5 տոկոսով: Երբ այդ տոկոսը հասնի 70-80-ի, ինչպես Արեւմուտքում է, քաղաքական խաղերը՝ բանակցությունները, պայմանավորվածությունները, առեւտուրը, Պողոսի կամ Պետրոսի իշխանությունը, այլեւս էական նշանակություն չեն ունենա»:

«Ժողովուրդ» թերթի խմբագիրը գրում է. - «Երեկ ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Հույժ կարեւոր է Լեռնային Ղարաբաղի վերադարձը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաց»: Ինչ խոսք, գործող իշխանության այդ մոտեցումը նորություն չէ: Ղարաբաղի` բանակցությունների գործընթաց վերադառնալու մասին Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժը սկսեց խոսել դեռ անցյալ տարվա սկզբից: Այդ ընթացքում ՀՀԿ-ականները, իհարկե, առիթը բաց չթողեցին քննադատելու նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գործունեությունը ու նրա անմիջական ղեկավարի` Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ ակնարկներ անելու հնարավորությունը: Սակայն նախորդ իշխանության սխալն ուղղելու մասին ՀՀԿ-ականների հայտարարությունը անցած մեկ տարվա ընթացքում այդպես էլ չամրապնդվեց գործող իշխանության կողմից իրականացվող հստակ քայլերով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG