Մատչելիության հղումներ

Աշոտյանը հանդիպել է Յագլանդի հետ


Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Երեւանի պետհամալսարանի եւ Երեւանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտորներ Արամ Սիմոնյանը եւ Հովհաննես Թոքմաջյանը, երեկ ժամանել է Ստրասբուրգ՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հաստատման կրթության նախարարների երկրորդ տարածաշրջանային հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ` նույն օրը կայացել է Արմեն Աշոտյանի եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հանդիպումը:

Աշոտյանը ներկայացրել է կրթության եւ գիտության բնագավառում Հայաստանի ձեռքբերումները եւ բարեփոխումների ընթացքը, նշել, որ այս բնագավառում Եվրախորհրդի հետ հաստատվել են արդյունավետ եւ գործընկերային հարաբերություններ։ Այդ հարաբերությունների նպատակն է կրթության բնագավառն առավելապես ինտեգրել եվրոպական կրթական համակարգին, ինչը փոխլրացնում է նաեւ Բոլոնիայի գործընթացում Հայաստանի կողմից ձեռնարկվող հետեւողական քայլերը:

Յագլանդը բարձր է գնահատել Հայաստանում կրթության եւ գիտության բնագավառի բարեփոխումների ընթացքը՝ վստահեցնելով, որ Եվրախորհուրդը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ:

Հանդիպման մասնակիցները այլ հարցերի շարքում մտքեր են փոխանակել 2013 թվականին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության, ինչպես նաեւ ներքաղաքական եւ տարածաշրջանային հարցերի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG