Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը փոխզիջման առաջարկ է անում ՀՀԿ-ին


Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը ոչ իշխանական խմբակցությունների կողմից վաղը հրավիրվող Ազգային ժողովի արտահերթ նիստի կապակցությամբ փոխզիջման առաջարկ է անում իշխող Հանրապետական կուսակցությանը:

Հանրապետականը, ինչպես հայտնի է, ի սկզբանե հայտարարել է նախագահական ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրակեղծիքները կանխող օրենսդրական փոփոխությունների քննարկմանն ուղղված այս նիստին չմասնակցելու եւ քվորումի բացակայության պայմաններում նիստի անցկացումը ձախողելու պլանների մասին: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 ձայն, մինչդեռ Կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստան»-ը,Դաշնակցությունն ու «Ժառանգություն»-ը միասին ունեն ընդամենը 53 պատգամավոր:

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ պատրաստ են Հանրապետականի ամենասկզբունքային առարկությունները բավարարել` վկայակոչելով Կառավարության եւ ԱԺ աշխատակազմի եզրակացություններում մատնանշված մի քանի դրույթներ. - «Այնտեղ որոշակի առարկություններ կան, բայց ամենակարեւորը հետեւյալ երկու դրույթներն են. առաջինը, որ զինծառայողների մասնակցության սահմանափակումը դիտվում է որպես հակասահմանադրական, եւ երկրորդը` համարվում է, որ քվեարկած ընտրացուցակները հրապարակելու առաջարկությունը հակասում է Վենետիկի հանձնաժողովի մոտեցումներին: Ես հիմա անում եմ առաջարկ Հանրապետական կուսակցությանը. եթե սա է պրոբլեմը, մենք վաղը պատրաստ ենք գնալ կոմպրոմիսի այս հարցերում, պատրաստ ենք ՀՀԿ-ի ամենաառանցքային, ամենասկզբունքային առարկությունները բավարարել»:

Ոչ իշխանական ուժերի օրենսդրական փոփոխությունների առաջարկները վերաբերում են հանրապետությունից բացակայողների տվյալները ընտրացուցակներից հանելուն, ընտրություններից հետո քվեարկածների ցուցակները հրապարակելուն, ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելուն, վստահված անձանց եւ դիտորդների լիազորություններն ընդլայնելուն եւ այլն:

Ըստ Լեւոն Զուրաբյանի, իրենց գերխնդիրը «կեղծված ցուցակներից» շուրջ 700 հազար բացակա ընտրողների անունները մաքրելն է, ինչը հնարավորություն կտա «կեղծիքների ծավալը մի քանի անգամ կրճատել»:

«Այս խնդրի շուրջ միավորվել են ոչ միայն բոլոր հիմնական քաղաքական ուժերը, բացի Հանրապետականից, այլ նաեւ գոյություն ունի խնդիրը լուծելու հասարակական պահանջ», - հայտարարեց Կոնգրեսի խմբակցության ղեկավարը:

Նա վկայակոչեց Ընտրական օրենսգիրքը բարելավելու մի շարք հասարակական կազմակերպությունների` խորհրդարան ներկայացրած առաջարկները. - «Այդ պահանջին աջակցում են Հայաստանի համարյա բոլոր քաղաքական ուժերը, միջազգային կառույցները, իսկ դիմադրում է միայն Հանրապետական կուսակցությունը: Անգամ «պրոպագանդիստական տրյուկ» են համարել: Ասում են, որ չեն ներկայանա արտահերթ նիստին, որովհետեւ համարում են սա պրոպագանդիստական տրյուկ: Ես ուզում եմ այդ հարգարժաններին հարցնել` լավ, ասենք, Կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստան»-ը, Դաշնակցությունը, «Ազատ դեմոկրատներ»-ը, «Ժառանգություն»-ը զբաղված են պրոպագանդիստական տրյուկներով: Ինչ է սա նշանակում. բոլոր այն հասարակական կազմակերպություններն է՞լ են զբաղված պրոպագանդիստական տրյուկով, ԵԱՀԿ-ն է՞լ է զբաղված պրոպագանդայով, ԵԽԽՎ-ն է՞լ է զբաղված պրոպագանդայով: Սա, իհարկե, անհեթեթություն է: Եթե այստեղ ինչ-որ մեկը փորձում է պահանջի կատարումից խուսափելու համար պրոպագանդիստական տրյուկ անել, դա հենց Հանրապետական կուսակցությունն է, որն այսօր մնացել է միայնակ: Հենց այս մեկուսացումը, այս միայնակությունը ընդգծում է այն փաստը, որ փաստորեն իշխող ռեժիմը, իշխող կուսակցությունը չի ցանկանում, որ Հայաստանում տեղի ունենան ազատ եւ արդար ընտրություններ: Ոչ միայն չի ցանկանում, այլ անգամ վախենում է դրան նվիրել քննարկման մեկ նիստ Ազգային Ժողովում: Վախենում է, որ հասարակությունը, միջազգային հանրությունը կլսի բոլոր արգումենտները այս ընտրական համակարգի վերափոխման անհրաժեշտության վերաբերյալ: Անգամ դրանից են վախենում»:

Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ վաղվա նիստը տապալելու իշխող կուսակցության քայլը կլինի հակասահմանադրական, քանի որ Սահմանադրության 77-րդ հոդվածը «ընդդիմությանը տալիս է որեւէ հարցի քննարկում նախաձեռնելու իրավունք` եթե նույնիսկ մեծամասնությունը դա չի ընդունում»:

Այնուհանդերձ, նիստը ձախողելու Հանրապետականի ծրագրերը մնում են ուժի մեջ: Խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը (ՀՀԿ) «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բացառեց, որ վաղվա նիստի համար քվորում կապահովվի: Նա այդ թեման իրենց համար փակ է համարում, քանի որ Ընտրական օրենսգիրքը «արդեն բարեփոխված է», եւ փոփոխությունների անհրաժեշտություն Հանրապետականն այս պահին չի տեսնում:

Արձագանքելով փոխզիջման եւ Հանրապետականի ամենասկզբունքային առարկությունները բավարարելու Հայ ազգային կոնգրեսի այսօրվա առաջարկին` Շարմազանովն ասաց. - «Մենք տուն-տունիկ չենք խաղում Կոնգրեսի հետ: Դրանք քաղաքական հնարքներ են, բացառապես քաղաքական ակցիա է: Մենք այդ հարցերի շուրջ որոշում կայացրել ենք եւ այդ բարեփոխված Ընտրական օրենսգրքով գնացել ենք պառլամենտական ընտրությունների, իրականացրել ենք այդ օրենսգրքով լավագույն ընտրությունները: Այդ հարցը քննարկել ենք, ավարտել ենք: Մեզ համար այդ հարցը փակ է` որոշել ենք, ընդունել ենք, բարեփոխել ենք: Դրա անհրաժեշտությունը չկա: Մեզ համար 2+2 հավասար է 4-ի: Ի՞նչ փոխզիջում: Որ լավ փոխզիջենք, երկու գումարած երկու կարո՞ղ է հավասար կլինի հինգի կամ վեցի: Այդ հարցը փակված է»:

Հավելենք, որ վաղը նախատեսվող նիստին զուգահեռ ՀԱԿ-ը նախաձեռնում է ակցիա Ազգային Ժողովի շենքի դիմաց: Լեւոն Զուրաբյանը անհրաժեշտ համարեց «ընտրական համակարգի արմատական վերափոխման ճակատագրով մտահոգ» շահագրգիռ բոլոր քաղաքացիները ներկայությունը այդ ակցիային:
XS
SM
MD
LG