Մատչելիության հղումներ

Միջնորդները դեռ չեն մանրամասնում «նոր գաղափարները»


Մինսկի խմբի համանախագահները, արխիվ
Մինսկի խմբի համանախագահները, արխիվ
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հինգշաբթի օրը Ստեփանակերտում հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի եւ արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ։

Հանդիպման ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրությանը, քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր:

Բակո Սահակյանը անդրադարձել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Սաֆարովի արտահանձնմանն ու Ադրբեջանում հերոսացմանը` համանախագահներին կոչ անելով «համապատասխան քայլեր ձեռնարկել Ադրբեջանին կառուցողական հուն բերելու ուղղությամբ»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու այդ ուղղությամբ, ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը պատասխանեց, թե դրա վերաբերյալ իրենք նույնպես իրենց տեսակետները ներկայացրել են եւ հղում են արել այդ առիթով համանախագահող երկրների արած հայտարարություններին:

Համանախագահները պատասխանեցին ընդամենը երեք հարցի, այն էլ` բացառապես հղում անելով նախկինում արված հայտարարություններին:

Ստեփանակերտի օդանավակայանի մասին «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչպես են համանախագահները տեսնում այդ խնդրի լուծումը, ռուսաստանցի պատասխանեց . - «Մենք կարծում ենք, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը տվյալ իրավիճակում կարող է լարվածություն առաջացնել կողմերի միջեւ: Միեւնույն ժամանակ մենք կարծում ենք, որ այդ հիմնախնդիրը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով, հաշվի առնելով եղած փորձը»։

Իսկ հարցին` չէի՞ն ցանկանա իրենք լինել առաջին ուղեւորները, ռուսաստանցի միջնորդը արձագանքեց կատակով. - «Դեռ ոչ, օդանավը դեռ չի ժամանել»:

Օդանավակայանի վերաբերյալ ավելի վաղ տարածած հայտարարության մեջ, հիշեցնենք, Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել էին, որ օդանավակայանի վերագործարկումը չի կարող ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխման վրա եւ կոչ էին արել կողմերին գործել միջազգային օրենքների շրջանակում:

Համանախագահները ուրբաթ օրը Երեւանում եւ երկուշաբթի օրը Բաքվում երկու երկրների նախագահների հետ կքննարկեն եւ կլսեն նրանց կարծիքները արտգործնախարարների փարիզյան հանդիպումից հետո հնչեցված նոր գաղափարների շուրջ: Իսկ թե դրանք ինչ գաղափարներ են` միջնորդները որոշեցին փակագծերը չբացել:

«Եկեք իրադարձություններից առաջ չանցնենք եւ սպասենք մեր հայտարարությանը, որը կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ մեր հանդիպումներից հետո», - ասաց Իգոր Պոպովը:

Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի տեղեկացմամբ` այսօր Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկվել է նոր առաջարկ` կազմել տարվա որոշակի օրերի ցանկ` օրինակ, Նովրուզ բայրամ, Երեխաների պաշտպանության օր, Ամանոր եւ այլն, ու կոչ անել կողմերին, որ գոնե այդ օրերին դիրքերից կրակոցներ չլինեն:

Նշենք նաեւ, որ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն լրագրողներին այսօր ասաց հետեւյալը. - «Ես տեղեկացրել եմ Բակո Սահակյանին, որ Բարաք Օբամային պաշտոնավարման երկրորդ ժամանակահատվածում Միացյալ Նահանգները համառ ջանքեր կգործադրի, որպեսզի խաղաղ կարգավորման գործընթացում լինեն շոշափելի արդյունքներ»:
XS
SM
MD
LG