Մատչելիության հղումներ

Վրաստանը «եվրոպական ուղուց շեղվելու միտում չունի»


Բելգիա -- Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունենում Բրյուսելում, 14-ը նոյեմբերի, 2012
Բելգիա -- Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունենում Բրյուսելում, 14-ը նոյեմբերի, 2012
Նոյեմբերի 14-ին Բրյուսելի Քարնեգի հիմնադրամում կայացած փակ հանդիպման ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարեց, թե Վրաստանը եվրոպական ուղուց շեղվելու միտում եւ ցանկություն չունի եւ Արեւելյան գործընկերության վեց երկրներից միայն Վրաստանն է, որ հստակ եվրոպական կողմնորոշում ունի:

«Մենք շարժվելու ենք միայն Եվրոպայի ուղղությամբ: Վրաստանում չկա որեւէ քաղաքական ուժ, որը երբեւէ ետ կանգնի այս քաղաքական կուրսից», - ասաց Վրաստանի նախագահը:

Սաակաշվիլին իր Բրյուսել կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի եւ մի շարք եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Իր առաջին պաշտոնական այցով Բրյուսելում էր նաեւ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Նա նույնպես հանդիպել է Ռասմուսենին, Ռոմպոյին, ելույթներ ունեցել Բրյուսելի տարբեր շրջանակներում, սակայն նախագահ Սաակաշվիլին հավաստիացնում է, որ վարչապետի եւ իր միաժամանակյա այցելությունը Բրյուսել պատահականություն է:

«Ես մեկ ամիս առաջ էի հրավիրվել Բրյուսել մի շարք պաշտոնյաների հետ հանդիպման: Վարչապետի աշխատակազմն էլ վստահորեն առանձին հրավեր է ստացել նույն կառույցներից», - ասաց Վրաստանի նախագահն ու շարունակեց. - «Ամեն դեպքում ես ուրախ եմ, որ նրանք այստեղ էին, սա նրանց համար նաեւ լավ կրթական փորձ էր, նրանք նոր տեղեկություններ ստացան, որովհետեւ մի բան է Վրաստանից համագործակցել լոբբիստական խմբերի հետ, այլ բան է տեսնել իրական մարդկանց, իրական ինստիտւտներ եւ իրական խնդիրներ քննարկել: Այդ իսկ պատճառով ես ինձ այնքան էլ լավ չզգացի նրանց հասցեին հնչեցրած կոշտ քննադատությունից: Առաջին այցի համար քննադատությունը շատ-շատ էր: Ինձ համար դա հաճելի չէր՝ որպես պետության ղեկավարի: Որքան հաստատակամ մենք լինենք մեր ճանապարհին, այնքան անվտանգ կլինի մեր ժողովրդավարության կայացումը»:

Բրյուսել կատարած իր այցի ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոսեց նաեւ Պուտինի հետ իր հարաբերությունների մասին. - «Սկզբում ես մտածեցի`այս մարդն ու ես տարբեր անցյալներ ու փորձ ունենք, բայց նրա հետ միգուցե եւ կարելի է աշխատել, բայց ռուսները մեզնից անհնարին բաներ պահանջեցին»:

«Նրանք մեզնից շատ կոնկրետ ու անհնար բաներ էին պահանջում. Օրինակ, սեփական ղեկավարության անվտանգության նախարարն ունենալ Վրաստանում, օրինակ ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների սառեցում եւ այլն», - մանրամասնեց Սաակաշվիլին:

Շարունակելով Վրաստան-ՆԱՏՕ թեման՝ նախագահ Սաակաշվիլին ասաց, որ Վրաստանը հանձնել է ՆԱՏՕ-ին արժանի լինելու իր թեստը, արդար ընտրություններ է անցկացրել:

«Կարծում եմ` դեռ վաղ է խոսել անդամակցության մասին: Մենք առայժմ խոսում ենք անդամակցությանը մոտ կարգավիճակի մասին: Իհարկե, վերջիվերջո մենք մտադրություն ունենք ՆԱՏՕ անդամ դառնալ, բայց սա գործընթաց է, որ պետք է կառուցվի արդար ընտրությունների վրա», - ասաց նա:

Սաակաշվիլին Բրյուսելում երկար խոսեց, թե ինչ բարեփոխումներ են արվել իր իշխանության օրոք, բերեց մի քանի թվեր, վիճակագրություն, սակայն Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալի այն հարցին, թե ինչո՞ւ է Վրաստանը վատ ցուցանիշներ արձանագրում բնակչության հետ հարաբերակցությամբ ամենաշատ ձերբակալվածների թվով, եւ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Սաակաշվիլիի ստեղծած համակարգն այժմ իր դեմ է աշխատում, Վրաստանի նախագահը հստակ պատասխան այդպես էլ չտվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG