Մատչելիության հղումներ

Գյումրիի ավագանու անդամները ստանձնեցին իրենց լիազորությունները


Գյումրիի ավագանու անդամները երդվեցին
please wait

No media source currently available

0:00 0:02:20 0:00
Երկուշաբթի օրը պաշտոնապես իր լիազորությունները ստանձնեց Գյումրիի ավագանու նորընտիր կազմը: Գյումրին այժմ նախկին 15-ի փոխարեն ունի ավագանու 21 անդամ:

Ավագանու անդամներն այսօր ստացան իրենց վկայականները, նաեւ երդվեցին նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ:

Երդմնակալության արարողության ներկաներից ոմանք իրենց խոսքում Գյումրիի քաղաքապետին եւ ավագանուն պահանջներ ներկայացրեցին` վերականգնել քաղաքի պատմական միջուկը, պատկերասրահ բացել: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն էլ կոչ արեց «քաղաքը փոշուց ազատել»:

«Բայց ուրիշ փոշիներ էլ կան, որոնցից պետք է ազատվել: Քաղաքի փոշին հեշտ է թոթափել, բայց կան փոշիներ, որ շատ ավելի դժվար են, եւ ես կկամենայի, որ քաղաքապետը եւ նոր ավագանին ձեռք ձեռքի տված կեղծավորության, շողոքորթության, մեծախոսության, ստախոսության փոշին թոթափեին, լինեին խոնարհ ծառայողներ: Պաշտոնը վայելելու համար չէ, պաշտոնը նշանակում է ծառայություն», - ասաց Շիրակի թեմի առաջնորդը:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով արդեն մեկ ամիս է ինչ պաշտոնավարում է, «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, ասաց, թե չի փոշմանել, որ պատգամավորի հանգիստ աշխատանքը փոխարինել է մեծ խնդիրներ կուտակած քաղաքի ղեկավարման բեռով:

«Երեւի սա Աստծո կամքն էր, ես այստեղ եմ, փոշմանելու որեւէ խնդիր չկա, ես հպարտ եմ Գյումրիի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ», - ասաց Բալասանյանը:

«Քաղաքը մերն է» նախաձեռնության եւ ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բարձրացրեց քաղաքապետարանում աուդիտ իրականացնելու հարցը:

«Առնվազն 4-5 տարվա աուդիտ պիտի՞ արվի, որպեսզի պատկերը պարզ լինի ինձ, լրագրողներին, ամբողջ Գյումրին, թե քաղաքն ինչի տեր է, ինչ ունի: Ինչո՞ւ պիտի իշխանափոխություն լիներ, որ մենք իմանայինք, թե 8 միլիոն դոլարանոց բյուջեից 3 միլիոն դոլարի պարտք ունի քաղաքը», - ասաց Բարսեղյանը:

Ավագանու մեկ այլ անդամ Էդգար Մկրտչյանը, ում անունը շրջանառվում էր օգոստոսի 24-ին նախկին քաղաքապետի որդի Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ Գյումրիում հնչած կրակոցների գործում, ասաց, թե այդ միջադեպի հետ կապ չունի:

«Դրանք բոլորը ասեկոսեներ են, ես մասնակից չեմ եղել, եւ այդ ամեն ինչից տեղյակ չեմ», - ասաց Մկրտչյանը` հավելելով, թե շատ ուրախ է, որ իր մտերիմ բարեկամ Սպարտակ Ղուկասյանը վերադարձել է Գյումրի:

Նախկին քաղաքապետի որդուն մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` խուլիգանության, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով եւ ապօրին կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար: Ղուկասյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Նա նոյեմբերի 10-ին Հայաստան էր վերադարձել եւ Բավրայի մաքսակետում ձերբակալվել էր: Նախկին քաղաքապետի որդուն հարցաքննել եւ ազատ էին արձակել, խափանման միջոց ընտրվել էր չբացակայելու մասին ստորագրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG