Մատչելիության հղումներ

Քաղաքապետի որդուն մեղադրանք է առաջադրվել, նա հետախուզման մեջ է


Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, օրերս Գյումրիում արձանագրված աղմկահարույց միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

«Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Սպարտակ Ղուկասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ դատարան է ներկայացվել միջնորդություն նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, քանի որ նախաքննական մարմինը տեղեկություններ չի ունեցել նրա գտնվելու վայրի մասին: Միջնորդությունը դատարանի կողմից բավարարվել է, եւ այսօր Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով», - ասաց Տռուզյանը:

Օգոստոսի 24-ին Գյումրիի կենտրոնում` «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց տեղի ունեցած վիճաբանությունը մեծ հնչեղություն է ստացել, քանի որ նախ կրակոցներ էին հնչել եւ որպես միջադեպի մասնակից շրջանառվում էր քաղաքապետի որդու անունը:

Երեքշաբթի օրը քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հերքել էր, որ Սպարտակ Ղուկասյանը միջադեպի հետ կապ ունի` ասելով, որ նա հանրապետությունում չի եղել:

Հարցին, թե այլ անձանց նկատմամբ հետախուզում հայտարարվե՞լ է, գլխավոր դատախազության խոսնակը պատասխանեց. - «Ես կարող եմ ասել, որ նախաքննական մարմինը, իսկ նախաքննությունը իրականացնում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը, ունեցել է հիմնավոր կասկածներ եւ օգոստոսի 28-ին որպես կասկածյալ ձերբակալվել է Հարություն Համբարյանը` խուլիգանություն կատարելու կասկածանքով»:

Ձերբակալված Հարություն Համբարյանը, ըստ շրջանառվող լուրերի, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թիկնապահներից մեկն է:

Ոստիկանությունն այսօր տարածած հաղորդագրության համաձայն` նախաքննության տվյալներով վիճաբանությանը մասնակցել է Գյումրիի բնակիչ Սպարտակ Ղուկասյանը եւ քաղաքի ավագանու անդամի թեկնածու Էդգար Մկրտչյանը` իրենց ընկերների հետ: Ըստ հաղորդագրության` ոստիկանության ծառայողների կողմից օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներ են իրականացվել դեպքի հանգամանքները, խուլիգանության մասնակիցների շրջանակը պարզելու, կոնկրետ գործողություններ կատարածներին հայտնաբերելու նպատակով: Խուլիգանության ընթացքում օգտագործված զենքը հայտնաբերելու նպատակով կատարվել են բնակարանային խուզարկություններ, խուզարկվել են նաեւ «Հրաշքների աշխարհ» սրճարանը, «Օազիս» ռեստորանային եւ «Ալեքսանդրապոլ» հյուրանոցային համալիրները, հարցաքննվել են սրճարանի աշխատակիցները, կատարվել են առերես հարցաքննություններ: Այս բոլոր օբյեկտները, ի դեպ, պատկանում են Վարդան Ղուկասյանի ընտանիքին:

«Զննությամբ դեպքի վայրից հայտնաբերվել ու առգրավվել է երկու պարկուճ եւ մեկ գնդակ: Բերման ենթարկվել եւ որպես կասկածյալ հարցաքննվել են երկու անձինք, որոնց հագուստներն առգրավվել են. դրանցից վերցվել են կրակոցի հետքերի նմուշներ, կատարվել են դատաբժշկական փորձաքննություններ», - ասված է ոստիկանության հաղորդագրությունում:

please wait

No media source currently available

0:00 0:03:00 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG