Մատչելիության հղումներ

Դատախազ Մանրիկյանը պաշտոնանկ է արվել


Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացնում դատախազության համակարգի ղեկավար աշխատակիցների հետ: 29-ը հոկտեմբերի, 2012թ.
Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացնում դատախազության համակարգի ղեկավար աշխատակիցների հետ: 29-ը հոկտեմբերի, 2012թ.
Գլխավոր դատախազի հրամանով երեկ աշխատանքից ազատվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազ Մեսրոպ Մանրիկյանը:

Գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Մանրիկյանին աշխատանքից ազատելու պատճառը «պաշտոնյային անհարիր պահվածքն է»:

Տռուզյանը հաստատեց, որ պաշտոնից ազատելու դրդապատճառը «Ռեգնում» գործակալության երեւանյան բյուրոյի ղեկավար Ռուբեն Գրձելյանի գործն է:

Հիշեցնենք, այս տարվա մայիսին Գրձելյանը հայտարարել էր, որ դատախազ Մանրիկյանը մի քանի հոգու հետ միասին իրեն ծեծի է ենթարկել՝ երեխաների, կնոջ եւ մոր աչքի առջեւ: Իսկ պատճառը եղել էր այն, որ իր մանկահասակ երեխաները խանգարել էին բակից դուրս եկող դատախազի որդու ավտոմեքենային: Դա դուր չէր եկել Մանրիկյանին եւ նա ապտակել էր լրագրողին, այնուհետեւ ծեծին միացել էր դատախազի որդին:

Այսօր ներկայացնելով այդ պատմությունը` Ռուբեն Գրձելյանը հիշեցրեց, որ ինքը դիմել էր ոստիկանություն, գործը այնտեղից ուղարկել էին Հատուկ քննչական ծառայություն: Բայց քանի որ դատախազը նրանց գործընկերն էր, գործն այնպես էին շրջել, որ Մանրիկյանն էր դարձել էր տուժող, իսկ ինքը՝ մեղադրյալ:

«Այդ մարդուն` մեղավորին, քրեական գործից հանել էին, եւ իր տղան ու ես էինք քրեական գործով գնում: Քանի որ ինքը դատախազ էր, ինքը գործից հանվեց, ես էլ իմ վնասվածքները օդից ստանալ չէի կարող, ամբողջովին իմ ու իր տղայի վրա նույն մեղադրանքը առաջադրվեց», - պատմեց Գրձելյանը:

Դատարանը, սակայն, լրագրողին արդարացրեց, քանի որ դատախազը որպես ուշ երեկոյան կատարված միջադեպի վկա էր բերել իր տարեց հարեւանուհուն, ով տեսողության հետ խնդիրներ ունի, եւ վերջինիս ցումունքները դատարանն արժանահավատ չէր համարել:

Այս պատմությունը թերեւս այսպես էլ կավարտվեր, եւ դատախազ Մանրիկյանը կշարունակեր պաշտոնավարել Կոտայքի մարզում, եթե չլիներ նախագահ Սերժ Սարգսյանի` մի քանի օր առաջ դատախազության հասցեին հնչեցրած սուր քննադատությունը, մասնավորապես, թե ինչպես են անմեղ մարդկանց մեղադրանքներ առաջադրում:

Երկրի ղեկավարը իր ելույթում անգամ ակնարկեց Մանրիկյանի մասնակցությամբ հայտնի գործը. - «Դատախազը կոչմանը ոչ վայել իրավիճակում հայտնվելու դեպքում, մնում է անպատիժ: Այսինքն, դատախազը փողոցում կռիվ է սարքում, պարզ է՝ աղմուկից հետո քրեական գործ է հարուցվում, եւ հետո չեղած վկա ներգրավելով, բոլոր հնարավոր, անհնար միջոցներով տանում են եւ ուրիշին են ուզում դատապարտել»:

Փաստորեն այս սկանդալային պատմությունից հետո Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը որեւէ քայլ չէր ձեռնարկել ապօրինություններ թույլ տված դատախազին պատժելու համար եւ միայն ամիսներ անց նախագահ Սերժ Սարգսյանի կոշտ հայտարարությունից հետո աշխատանքից ազատեց դատախազ Մանրիկյանին. «Ազատություն» ռադիոկայանի այս դիտարկմանը Սոնա Տռուզյանը արձագանքեց, թե Գրձելյանի գործով դատավճիռը կայացվել է հոկտեմբերի 9-ին եւ դրա ուսումնասիրության արդյունքում է Մանրիկյանն ազատվել աշխատանքից:

Հարցին, թե քանի որ նախագահի քննադատությունն ուղղված էր դատախազության ողջ համակարգին, արդյոք հնարավոր է, որ Գլխավոր դատախազը հրաժարական ներկայացնի, Տռուզյանն արձագանքեց. - «Գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2013 թվականի սեպտեմբերին»:
XS
SM
MD
LG