Մատչելիության հղումներ

Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել իրավապահ մարմիններին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մի շարք հանձնարարականներ է տվել քրեական գործերով մինչդատական վարույթի հարցերով հոկտեմբերի 29-ին իրավապահ մարմինների ղեկավար կազմի հետ անցկացրած խորհրդակցության արդյունքներով:

Ինչպես տեղեկացնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը, կառավարությանը հանձնարարվել է իրականացնել իրավապահ մարմինների աշխատակիցների նյութատեխնիկական եւ սոցիալական ապահովության վիճակի համակողմանի ուսումնասիրություն, երկամսյա ժամկետում մշակել վիճակի բարելավմանն ուղղված առաջարկներ եւ ներկայացնել ՀՀ նախագահի աշխատակազմ։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին հանձնարարվել է լրամշակել Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը` հաշվի առնելով խորհրդակցության ընթացքում կոնկրետ գործերի օրինակներով վերհանված գործնական հիմնախնդիրները, ինչպես նաեւ վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռներում արտահայտված իրավական դիրքորոշումները:

ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանության պետին եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում գրավոր առաջարկություններ ներկայացնել նախաքննության կազմակերպմանը եւ այն սպասարկող հարակից ոլորտների, հատկապես` դատաբժշկական փորձաքննությունների կատարմանը, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացմանն առնչվող խնդիրների համալիր լուծումների վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանության պետին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` ապահովելու դատախազների, քննիչների եւ քննչական ստորաբաժանումների ղեկավարների դատավարական լիազորությունների պատշաճ իրականացումը` բացառելով դրանց ձեւական իրականացման հնարավոր դրսեւորումները: ՀՀ ոստիկանության պետին հանձնարարվել է հաշվարկել եւ մեկամսյա ժամկետում ներկայացնել քննիչների գործունեության նյութատեխնիկական ապահովմանն ուղղված առաջարկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG