Մատչելիության հղումներ

ՀԱԿ թեկնածու. Իշխանությունների ձեռագիրը չի փոխվում


Թիվ 35 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններում ընտրապայքարը կծավալվի իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու Արման Սահակյանի եւ Հայ ազգային կոնգրեսի թեկնածու Մուրադ Գրիգորյանի միջեւ:

Այս երկու թեկնածուները մրցակցում էին նաեւ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին` թիվ 34 ընտրատարածքում:

«Իմ մասնակցությունը պայմանավորված է մանրակրկիտ քաղաքական հաշվարկով` մեր ռեսուրսների գնահատումից սկսած, քաղաքում տիրող քաղաքական իրավիճակի, քաղաքական ուժերի դասավորության վերլուծության, տարածքը գիտենալու, բնակչության խնդիրներին եւ հոգսերին ծանոթ լինելու եւ այլ հանգամանքներով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ «նույն գետը երկրորդ անգամ մտնելը» հիմնավորեց ՀԱԿ-ի թեկնածուն:

Մուրադ Գրիգորյանը նշեց, որ այս ընտրություններում քաղաքական դաշտը շատ հստակ ընդգծված է ու պարզ է շարքային ընտրողի համար: Միայն թե իշխանությունների ձեռագիրը չի փոխվում, ասաց թեկնածուն:

«Ժողովրդական խոսք կա կարմիր կովի` կաշին փոխվելու մասին: Ինչպե՞ս կարող է իշխանությունը իր ձեռագիրը փոխել` առավել դեմոկրատ դառնալ միանգամից կամ ինչի՞ց դրդված: Ընդհակառակը փորձում են յուրատեսակ պոլիգոնի վերածել Գյումրին եւ փորձարկել ընտրական տեխնոլոգիաները, այսինքն պարտադրել ընտրովի մարմիններում յուրային թեկնածուների` լինի դա քաղաքապետ, թե Ազգային ժողովի պատգամավոր: Մեր պայքարի հիմնական թիրախներից մեկը լինելու է այդ «ջարդող» մթնոլորտի դեմն առնելը: Փորձում են «ջարդել» ընտրություններ հասկացությունը, որպեսզի շարքային քաղաքացին հույս չկապի ընտրությունների հետ, որ պարտադրված լինի իշխանության կամքը կատարել եւ պարտադրված թեկնածուներով ձեւավորվել իշխանության մարմիններ, իսկ դրանից հետո, բնականաբար, ընտրություն կատարել արտագաղթի կամ տեղում աղքատի, մուրացկանի, չքավորի կենցաղով ապրելու միջեւ: Մեր հիմնական կոչումը ժողովրդին ընտրելու հնարավորություն տալն է, որ համոզմունք ունենան, որ ընտրություններով կարող են իշխանություն ձեւավորել», - ասաց Գրիգորյանը:

Նրա պնդմամբ` վարչական լծակներն արդեն կիրառվում են, իսկ վերջին տարբերակը կրկին ընտրակաշառք բաժանելը կմնա:

Մրցակցի մասին Գրիգորյանն ասաց, թե ճանաչում է այնքանով, որքանով լսել է:

Արման Սահակյանը, հիշեցնենք, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, թե Մուրադ Գրիգորյանի մասնակցությունը լեգիտիմ է դարձնում ընտրությունները: Վերջինս այսօր հակադարձեց. - «Այսինքն` ինչպե՞ս հասկանալ, որ նախորդ ընտրությունները` 35 ընտրատարածքում լեգիտիմ չէի՞ն: Տեղին չէ լեգիտիմ բառը օգտագործել»:

«Ես առավել քան ուրախ եմ, որ թեկնածուական դուետը ներկայանում է ընդգծված երկու հակադիր քաղաքական դիրքորոշում ունեցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներով: Շատ կուզենայի, որ մենք բաց, հրապարակային բանավեճերի տեսքով, հանդիպումներով ներկայանանք մեր հանրությանը, որպեսզի մեր հանրությունը ճիշտ կողմնորոշվի»:

Մայիսի 6-ի ընտրություններում թիվ 34 ընտրատարածքում ձայների մեծ տարբերությունը (Սահակյանը ստացել էր շուրջ 40 հազար, իսկ Գրիգորյանը` 2 հազար քվե) վերջինիս չի անհանգստացնում. - «Որովհետեւ շատ-շատերը գոնե կհիշեց, թե ձայների հավաքման ինչ հակադիր մեխանիզմներ էին կիրառվում: Մենք ցուցակագրումներ, անձնագրահավաքներ… եւ ամենակարեւորը` ընտրակաշառք բաժանելու միջոցով չենք քվեներ չենք հայցել: Մենք մեր քվեները վաստակել ենք, դա մեր ձեռբերումն է: Նախորդ ընտրություններում, վերջին հաշվով, հաղթեց գյումրեցիների հավաքական կամքը»:

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 6-ին, իսկ քվեարկությունը նշանակված է դեկտեմբերի 2-ին:
XS
SM
MD
LG