Մատչելիության հղումներ

Հայաստանը բարգավաճությամբ աշխարհում 98-րդ է


«Լեգատում» ինստիտուտի լոգոն
«Լեգատում» ինստիտուտի լոգոն

«Լեգատում» կենտրոնը կազմել է զեկույց, որը գնահատում է տարբեր երկրներում ազատության, առողջապահության, տնտեսության եւ գործարարության վիճակը։

Լոնդոնում տեղակայված «Լեգատում» վերլուծական հաստատության պատրաստած զեկույցները փոխանցվում են որեւէ երկրում մասնաճյուղ բացելու մտադրություն ունեցող ընկերություններին, ինչպես նաեւ միջազգային հետազոտական հաստատություններին։

Այս տարվա զեկույցում ընդգրկված է 142 պետություն, որտեղ ապրում է մոլորակի բնակչության 96 տոկոսը եւ արտադրվում է աշխարհի համախառն արդյունքի 99 տոկոսը։

«Լեգատում»-ի վերլուծաբանները ցուցիչը կազմելիս հաշվի են առնում 8 գործոն` տնտեսություն, գործարարություն, կառավարում, կրթություն, առողջապահություն, անվտանգություն, անձնական ազատություն եւ սոցիալական կապիտալ։

Զեկույցում պետությունները դասվել են չորս կարգի` բարգավաճության բարձր, միջինից բարձր, միջինից ցածր եւ ցածր աստիճան։

Հայաստանը այդ ցուցիչով միջինից ցածր կարգում է եւ 142 պետությունների ընդհանուր ցանկում գրավել է 98-րդ տեղը։

Հայաստանի տնտեսությունն աշխարհում 129-րդն է։ Սա նշանակում է, որ 128 երկներում ավելի արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականություն է, զարգացում եւ ֆինանսական սեկտորի արդյունավետություն։

Գործարարության ենթացուցիչը «Լեգատում»-ը կազմում է` հիմք առնելով գործարարի համար ստեղծված պայմանները, նրան տրվող հնարավորությունները։ Այս հարցում Հայաստանը 81-րդ երկիրն է։

Կառավարումը ենթադրում է պատասխանատու կառավարություն, արդար ընտրություններ, քաղաքական մասնակցություն եւ օրենքի գերակայություն։ Այդ ենթացուցիչով Հայաստանն աշխարհում 97-րդն է։

Առողջապահությամբ Հայաստանը 98-րդն է, մինչդեռ կրթությամբ, որը հաշվի է առնում կրթության մատչելիությունը, որակը եւ մարդկային կապիտալը, բավական բարձր` 44-րդ տեղում է։

Համեմատաբար բարվոք է համարվել նաեւ անվտանգությունը, որը որոշվում է պետության եւ անձի անվտանգությամբ. այդ ենթացուցիչով Հայաստանը 61-րդն է։

Ամենավատ ցուցանիշները վերաբերում են անձնական ազատությանը եւ սոցիալական կապիտալին. այդ բնագավառներում երկիրը գրավել է 122-րդ եւ 124-րդ տեղերը։

Անձնական ազատության ցուցիչը որոշվում է երկու հանգամանքով` անձի ազատություն եւ հանրային հանդուրժողականություն։

Սոցիալական կապիտալը վերաբերում է բնակչության ակտիվությանը, ներգրավվածությանը բարեգործությանը, ընտանիքների մասնակցությանը համայնքային կյանքին։

Հայաստանի հարեւաններ Ադրբեջանը եւ Վրաստանը փոքր-ինչ ավելի լավ վիճակում են եւ զբաղեցնում են, համապատասխանաբար, 94-րդ եւ 95-րդ տեղերը, Թուրքիան 89-րդն է, Իրանը` 102-րդը։

Բարգավաճության աստիճանով ամենավատ վիճակում են Աֆղանստանը, Կոնգոն եւ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը։

Դե իսկ ամենաբարգավաճ երկրների առաջին եռյակում են Նորվեգիան, Դանիան եւ Շվեդիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG