Մատչելիության հղումներ

Արա Աբրահամյանը ողջունում է ավստրալացի պատգամավորներին


Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը ուղերձ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնին` ողջունելով ավստրալացի պատգամավորներին Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձեւի ընդունման առիթով։

«Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինը առաջինը կարողացավ վեր կանգնել սուբյեկտիվ «քաղաքական» շահերից, զերծ մնալ կրկնակի ստանդարտների մոտեցումներից եւ խորամուխ լինելով հիմնահարցի էության մեջ, ընդունեց միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համահունչ Բանաձեւ», - ասված է, մասնավորապես, ուղերձում, որը տրամադրել են Համաշխարհային հայկական կոնգրեսից։ - «Այս Բանաձեւը հաղթանակ է ոչ միայն Արցախի բնակչության եւ ողջ հայ ժողովրդի համար: Այն հաղթանակ է միջազգային իրավական սկզբունքների ու մարդու իրավունքների պաշտպանության»:

Միեւնույն ժամանակ, ըստ Աբրահամյանի, «Բանաձեւը մարտահրավեր է բոլոր այն պետություններին ու կառավարություններին, որոնք ամենուր բարձրաձայնում են միջազգային իրավունքի սկզբունքների առաջնայնության մասին, սակայն իրական քաղաքական գործընթացում առաջնորդվում են կրկնակի ստանդարտներով եւ «տնտեսական» շահերով՝ ի վնաս մարդու իրավունքների ու իրական ժողովրդավարական գործընթացների»:

Աբրահամյանը հույս է հայտնում, որ ավստրալական նահանգի օրենսդիր մարմնի բանաձեւը նախադեպ կդառնա այլ պետությունների համար՝ «հաշվի նստելու արդեն կայացած իրողությունների հետ, ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG