Մատչելիության հղումներ

Ռուբին. «ԱՄՆ-ը բարձր է գնահատում գործընկերությունը Հայաստանի հետ»


Հայաստանի եւ Միացյալ Նահանգների բարեկամական գործընկերությունը ներառում է արդյունավետ համագործակցություն ամենատարբեր ոլորտներում: Այդ մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` երեկ ընդունելով Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Էրիկ Ռուբինին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն` Էրիկ Ռուբինն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում գործընկերությունը Հայաստանի հետ եւ շարունակելու է համակողմանի գործակցության զարգացումը: Նա հավելել է, որ համագործակցության ոլորտներն արագ տեմպերով ընդլայնվում են, եւ այդ համատեքստում կարեւորել է երկխոսությունը քաղաքական, տնտեսական, պաշտպանական ոլորտներում:

Զրուցակիցներն անդրադարձել են քաղաքական եւ տնտեսական բնագավառներում գործակցության զարգացման հարցերին, Տնտեսական համագործակցության հարցերով հայ - ամերիկյան աշխատանքային խմբի առաջիկա նիստին։

Նալբանդյանը եւ Ռուբինը քննարկել են ղարաբաղյան գործընթացի վերջին զարգացումները: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ-ը բարձր է գնահատում հայկական կողմի կառուցողական դիրքորոշումն այս հարցում, Հայաստանի հանձնառությունը հակամարտության կարգավորմանը հասնելու բացառապես բանակցային ճանապարհով:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG