Մատչելիության հղումներ

Օլանդը ճանաչեց ալժիրցիների նկատմամբ «արյունալի բռնաճնշումը»


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ հայտարարությամբ է հանդես եկել, որում ճանաչել է 51 տարի առաջ Փարիզում հարյուրավոր ալժիրցիների նկատմամբ գործադրված «արյունալի բռնաճնշումը»։

«1961 թվականի հոկտեմբերի 17-ին հանուն անկախության իրավունքի ցույց անցկացնող ալժիրցիներ սպանվեցին արյունալի բռնաճնշման ընթացքում։ Հանրապետությունը հստակորեն ճանաչում է այդ փաստերը։ Այդ ողբերգությունից 51 տարի անց ես հարգանքի տուրք եմ մատուցում զոհերի հիշատակին», - ասված է Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում։

Ֆրանսիական եւ ալժիրական լրատվամիջոցների փոխանցմամբ` Ալժիրի վարչապետ Աբդելմալեք Սելալը ողջունել է պաշտոնական Փարիզի արտահայտած «բարի մտադրությունները»։ Նա ընդգծել է, որ Ֆրանսիայի նախագահի ակնկալվող այցը Ալժիր պատմության այդ էջը շրջելու պատրաստակամության գրավականը կդառնա` առանց, անշուշտ, այն մոռացության մատնելու։

1961 թվականի հոկտեմբերի 17-ին` Ալժիրի պատերազմի ավարտից հինգ ամիս առաջ, Ֆրանսիայի մայրաքաղաքում ոստիկանությունը կրակ էր բացել եւ այլ բռնություններ գործադրել բողոքի խաղաղ ցույց անցկացնող տասնյակ հազարավոր ալժիրցիների նկատմամբ, ինչ հետեւանքով, ըստ տարբեր աղբյուրների, սպանվել են մի քանի տասնյակից մինչեւ մի քանի հարյուր ալժիրցիներ։

Օլանդի հայտարարությունը այդ իրադարձությունների առաջին պաշտոնական ճանաչումն է ֆրանսիական պետության կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG