Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության օրինագիծ Իտալիայի խորհրդարանում


Իտալիայի խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել օրինագիծ, որով ապրիլի 24-ը երկրում պետականորեն կհամարվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Այդ մասին հայտնել է Իտալիա - Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սանդրա Ձամպան երեկ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ։

Իտալիայի Սենատի եւ Պատգամավորների պալատի Իտալիա - Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի` խորհրդարանում գործող հիմնական խմբակցությունները ներկայացնող անդամները Երեւան են այցելել հայկական կողմի հրավերով։ Նրանց հետ հանդիպմանը ներկա էին Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Ազգային ժողովի Հայաստան - Իտալիա պատգամավորական բարեկամության խմբի անդամները:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Հովիկ Աբրահամյանը կարեւորել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակության այցը Հայաստան եւ նշել, որ այն առաջինն է բարեկամության խմբերի մակարդակով:

Սանդրա Ձամպան բարձր է գնահատել հայ ժողովրդի ներդրումը եվրոպական եւ մասնավորապես իտալական մշակույթի, գիտության, տնտեսության եւ այլ ոլորտներում: Նրա խոսքով` հայերը դարեր շարունակ մեծ հետք են թողել եվրոպական մշակույթի եւ տնտեսության մեջ: «Այժմ Եվրոպան պետք է վերադարձնի ձեզ այն, ինչ դուք երկար տարիներ ներդրել եք Եվրոպայում, եւ պիտի զորավիգ լինի ձեր պետության կայացմանը», - ասել է տիկին Ձամպան:

Անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, հայ - թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Ադրբեջանում պետական մակարդակով արմատավորված հայատյացության մթնոլորտը պետք է բավարար հիմք հանդիսանա միջազգային հանրության համար հասկանալու, որ ոչ մի դեպքում եւ ոչ մի ձեւաչափով Ղարաբաղը չի կարող մաս կազմել մի երկրի, որը հերոսացնում է սաֆարովների կերպարը, եւ իր այս քայլով Ադրբեջանը կրկին ի ցույց է դնում բանակցային գործընթացը փակուղի տանելու եւ դրանում միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքը ձախողելու իր հետեւողական քաղաքականությունը:

«Բաքուն հայատյացությունը դարձրել է պետական քարոզչություն՝ հասցնելով այն առավել քան վտանգավոր մակարդակի: Սա միայն մեր գնահատականը չէ. այս մասին ահազանգում են նաեւ միջազգային կառույցները: Մենք հավատարիմ ենք մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ ընթացող գործընթացին», - շեշտել է Ազգային ժողովի նախագահը:

Նա շնորհակալություն է հայտնել իտալացի պատգամավորներին, որ մերժել են Իտալիայի խորհրդարանում շրջանառության մեջ դրված` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի տեսակետները արտահայտող եւ խիստ միակողմանի բնույթ կրող բանաձեւը: Ձամպան նշել է, որ ադրբեջանամետ բանաձեւը մերժվել է, քանի որ չէր արտահայտում Իտալիայի տեսակետը հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ եւ չէր համապատասխանում Իտալիայի դիրքորոշմանը միջազգային ատյաններում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG