Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ պատգամավոր լինելը «լրացուցիչ երաշխիք է»


Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը
«ԵԽԽՎ պատգամավոր լինելը Եվրոպայի խորհրդի անդամ երկրի պատգամավորին օժտում է լրացուցիչ որոշ անձեռնմխելիությամբ», - պատրաստակամություն հայտնելով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության կազմում իրենց տեղի զիջել Վարդան Օսկանյանին` հայտարարել են պատվիրակությունում «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը եւ Վահե Հովհաննիսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հարցին, թե ինչով է պայմանավորված այդ նախաձեռնությունը, արդյո՞ք մտավախություն ունեն, թե նախկին արտգործնախարարին կարող են նաեւ կալանավորել, Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց, թե «ցանկացած զարգացում հնարավոր է», եւ «ամեն դեպքում, սա լրացուցիչ երաշխիք է»:

Զոհրաբյանը հղում կատարեց ԵԽԽՎ կանոնադրությունը, ըստ որի` Խորհրդարանական վեհաժողովի անդամը իր պարտականությունները կատարելիս անձեռնմխելի է:

Հարցին` եթե Օսկանյանը դառնա ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, եւ Գլխավոր դատախազը կալանքի միջնորդությամբ մտնի Ազգային ժողով, Ազգային ժողովն էլ, ինչպես անձեռնմխելիությունից զրկելու պարագայում եղավ, իր համաձայնությունը տա, Օսկանյանը կշարունակի՞ անձեռնմխելի մնալ, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. - «Խնդիրը քննարկել ենք ԵԽԽՎ տարբեր պաշտոնյաների հետ: Այո, որոշակի նախադեպեր եղել են Եվրոպայի խորհրդում, երբ նման միջնորդությունները իրենց ազգային խորհրդարաններում համընկել է, ասենք, այն շրջանի հետ, երբ պատգամավորը իր` ԵԽԽՎ պատգամավորի պարտականություններն է կատարել, եւ նրան անձեռնմխելիությունից զրկելու խնդիրը քննարկվել է ԵԽԽՎ իրավական հանձնաժողովում, եւ ԵԽԽՎ իրավական հանձնաժողովի թույլտվությունն է անհրաժեշտ եղել այդ խնդիրը լուծելու համար: Հենց այդ նախադեպերից ելնելով` այդ կոնսուլտացիաների արդյունքում մեզ առաջարկվեց, որպես լրացուցիչ երաշխիք, այս տարբերակը», - հավելեց Զոհրաբյանը:

Նա պնդեց, թե նախաձեռնությունը Վարդան Օսկանյանի հետ չեն քննարկել: Քննարկել են Գագիկ Ծառուկյանի հետ եւ ստացել են նրա համաձայնությունը:

Ազգային ժողովի պատվիրակությունների կազմը հաստատում է խորհրդարանի խոսնակը: «Հենց այսօր էլ մենք պատրաստ ենք դիմել Ագզային ժողովի նախագահին, որպեսզի մեր փոխարեն ԵԽԽՎ պատվիրակության կազմում ներգարվվի Վարդան Օսկանյանը», - հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Օսկանյանը, տեղեկացնենք, մինչեւ այսօր չի արձագանքել իր կուսակիցների նախաձեռնությանը:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ) կարծում է, թե նախկին արտգործնախարարը կհրաժարվի այդ առաջարկից: Օսկանյանի հարցը, սակայն, Հարությունյանի համոզմամբ, կլինի ԵԽԽՎ-ի ուշադրության կենտրոնում:

Իսկ Օսկանյանին պատվիրակության կազմում ընդգրկելը, ըստ պատվիրակության ղեկավարի, լավագույն լուծումը չէ. - «Սա այն հարցն է, որը պետք է բաց քննարկվի: Արդյունքներից պետք է անենք բոլորս հետեւություն: Ով է այս պատմության հետեւում «կանգնած» իրական մեղավորը. դա կլինեն կա'մ իրավապահ մարմինները, դա կլինի կա'մ պարոն Օսկանյանը: Բայց արդյունքը, կարծում եմ, պետք է լինի միանշանակ, այլ ոչ թե ինչ-որ լրացուցիչ պաշտպանություն մտածելու ճանապարհով»:

Հարությունյանն այսօր էլ հրաժարվեց մեկնաբանել նախկին արտգործնախարարի շուրջ ծավալվող իրադարձությունները: Ասաց միայն, որ եթե Օսկանյանին առաջադրված մեղադրանքը չհաստատվի, ինքը համաձայն է ԱԺ նախագահի հետ` այդ դեպքում գործը սկսած իրավապահները պետք է պատժվեն:

ԲՀԿ-ն նախագահի թեկնածու հարց չի քննարկել

Օսկանյանը, հիշեցնենք, «Սիվիլնեթ»-ի հետ հարցազրույցում ասել էր, թե «Բարգավաճ Հայաստան»-ը պետք է մասնակցի սեփական թեկնածուով, այդ թեկնածուն նախ եւ առաջ պետք լինի կուսակցության առաջանորդ Գագիկ Ծառուկյանը: «Սակայն, եթե վերջինս չուզեց իր թեկնածությունը դնել, եւ կուսակցությունը կանգնեց իմ թեկնածության վրա, ես պատրաստ եմ ինձ վրա վերցնել այդ պատասխանատվությունը», - հայտարարել էր Օսկանյանը:

Նաիրա Զոհրաբյանը այս կապակցությամբ ասաց. - «Դա իր անձնական դիրքորոշումն է: Կուսակցությունը դեռեւս նման հարց չի քննարկել»:
XS
SM
MD
LG