Մատչելիության հղումներ

ԲՀԿ պատգամավորները կարող են Օսկանյանին զիջել իրենց տեղը ԵԽԽՎ-ում


Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավորներ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը եւ Վահե Հովհաննիսյանը պատրաստակամություն են հայտնել պատվիրակությունում իրենց տեղը զիջել ԲՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին` «հասկանալով, որ ԵԽԽՎ պատգամավոր լինելը Եվրոպայի խորհրդի անդամ երկրի պատգամավորին օժտում է լրացուցիչ որոշ անձեռնմխելիությամբ»:

Իրենց տարածած հայտարարությունում երկու խորհրդարանականները հայտնում են, որ ԵԽԽՎ-ի բազմաթիվ պատգամավորներ եւ ղեկավար կազմի անդամներ լրջորեն մտահոգված են Վարդան Օսկանյանի գործով եւ իրենց հետ հանդիպումներում անվերապահ աջակցություն են հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ու Օսկանյանին։ Ըստ նրանց` ԵԽԽՎ-ի բոլոր քաղաքական խմբերին եւ ազգային պատվիրակություններին տրամադրվել է համապատասխան փաթեթ, տեղյակ է պահվել գործի մանրամասներին, «ինչին, ի դեպ, վերջիններս արդեն իսկ որոշակիորեն տեղեկացված էին Հայաստանում հավատարմագրված իրենց դեսպաններից»:

ԲՀԿ-ական պատգամավորները նաեւ ստացել են լրջագույն երաշխիքներ առ այն, որ այս գործը լինելու է ԵԽԽՎ-ի ուշադրության կենտրոնում։ Զոհրաբյանին եւ Հովհաննիսյանին, իրենց իսկ վկայությամբ, խնդրել են Օսկանյանի գործի հետ կապված յուրաքանչյուր զարգացման դեպքում օպերատիվ կերպով տեղեկացնել Վեհաժողովին՝ խոստանալով նույնքան օպերատիվ արձագանք։

Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդագրին Հայաստանի Ազգային ժողովը հավանություն տվեց հոկտեմբերի 2-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG