Մատչելիության հղումներ

Նալբանդյանը մեկնաբանում է Վրաստանի ընտրությունները


«Համոզված ենք, որ Վրաստանում կայացած ազատ եւ մրցակցային խորհրդարանական ընտրությունները կնպաստեն մեր հարեւան երկրում ժողովրդավարական արժեքների հետագա ամրապնդմանը, քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների շարունակմանը՝ ի բարօրություն Վրաստանի եղբայրական ժողովրդի», - երեկ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Արմնյուզ» հեռուստաընկերության խնդրանքով մեկնաբանելով հոկտեմբերի 1-ի ընտրությունները, որոնցում հաղթեց «Վրացական երազանք» դաշինքը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ ընդգծել է. - «Վրաստանի հետ Հայաստանին կապում են դարերի խորքից եկող ավանդական բարիդրացիական հարաբերություններ: Վրաստանը տունն է բազմահազար վիրահայերի համար, որոնք մեր բարեկամությունն ամրապնդող կարեւոր օղակ են»:

«Մեզ հաջողվել է Վրաստանի հետ կառուցել փոխադարձ հարգանքի վրա հիմնված փոխշահավետ բարձր մակարդակի միջպետական հարաբերություններ եւ լիահույս ենք, որ շարունակելու ենք համատեղ ջանքերն ուղղված բարեկամական համագործակցության առավել ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների եւ պետությունների», - արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ասել է Էդվարդ Նալբանդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG