Մատչելիության հղումներ

Բունդեսթագի փոխնախագահը այցելել է Ծիծեռնակաբերդ


Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեն երեկ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել ցեղասպանության զոհերի հուշարձանին։

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Բունդեսթագի փոխնախագահը, ով առաջին անգամ է այցելում Հայաստան, եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, գրառում կատարել Պատվո հյուրերի հուշամատյանում` նշելով. - «Դատապարտում ենք Ցեղասպանությունն ու պարտավորվում խաղաղություն հաստատել եւ պաշտպանել մարդու իրավունքները»։

Վոլֆգանգ Թիրզեն լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է. - «Գերմանական ժողովուրդը հիշում է 20-րդ դարում նաեւ տարբեր ժողովուրդների դեմ կատարված հանցագործությունները։ Գերմանիայի Բունդեսթագը 2005 թվականին իր որոշմամբ դատապարտել է հայ ժողովրդի ջարդերը եւ դիրքորոշում հայտնել այդ պատմական իրադարձությունների առնչությամբ։ Մենք կարծում ենք, որ այդպիսի պատմական իրադարձությունները պետք է արժանանան գնահատանքի եւ դատապարտվեն»:

Բունդեսթագի փոխնախագահի Հայաստան այցի առիթը երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակն է։

Վոլֆգանգ Թիրզեն այսօր հանդիպում է ունեցել Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի ղեկավար Արտակ Դավթյանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG