Մատչելիության հղումներ

Բազմահազարանոց երթով նշվեց Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրը


Ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայոց բանակի սպա Գուրգեն Մարգարյանը այսօր կդառնար 34 տարեկան:

Եռաբլուրում`Գուրգեն Մարգարյանի շիրիմի մոտ, բազմահազարանոց երթի մասնակիցներն անցկացրին հիշատակի արարողություն:

Երթի մասնակիցները պարզել էին ցուցապաստառներ «Ո՞ւր է արդարությունը», «Պահանջում ենք արդարություն» բովանդակությամբ:

Ցուցարարների հետ Եռաբլուր էին եկել նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ:

«Արդարադատությունը պիտի սկսենք մեր երկրից եւ պահանջենք նույնը համաշխարհային հանրությունից: Պետք է երկար ապրի այդ արարածը` վերադառնալով Բուդապեշտ: Դա պետք է լինի մեր պահանջը` վերադառնա եւ մինչեւ խոր ծերություն ապրի իր տմարդի գործի ամբողջ ծանրությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Եթե երկու բառով բնորոշեմ Գուրգենին, ինքը բարի հսկայի տպավորություն էր թողնում` ֆիզիկապես ուժեղ եւ շատ բարի, ընկերոջը հասնող: Բոլորին ուզում էր նույնիսկ դասընթացների ժամանակ օգնել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց 2004 թվականին Բուդապետշտում ՆԱՏՕ-ի կազմակերպած լեզվի դասընթացներին Մարգարյանի հետ մասնակցած Հայկ Մակուչյանը:

Սաֆարովը, հիշեցնենք, Մարգարյանին կացնահարելուց հետո փորձել էր սպանել նաեւ Մակուչյանին:

Մակուչյանը ասաց նաեւ, որ դեռւես չի դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Ադրբեջանի, քանի որ «իրավաբանները դեռ ուսումնասիրում են գործը»:
XS
SM
MD
LG