Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը Բաքվին հորդորում է կատարել Բուդապեշտի առջեւ իր պարտավորությունը


ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նյուլանդ
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նյուլանդ
Պաշտոնական Վաշինգտոնը Բաքվին հորդորում է կատարել Ռամիլ Սաֆարովի հարցով Բուդապեշտի առջեւ ստանձնած պարտավորությունները։ Այդ մասին երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նյուլանդը։

Լրագրողներից մեկի խնդրանքին` ներկայացնել Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ Ադրբեջանի հետ Միացյալ Նահանգների խոսակցության վիճակը, Նյուլանդը արձագանքել է. - «Մենք, ինչպես գիտեք, այդ մասին հայտարարություն հրապարակեցինք հունգարացիների կողմից նրան [Սաֆարովին] Ադրբեջան արձակելուց հետո, եւ մենք կապի մեջ ենք ադրբեջանցիների հետ ու հորդորում ենք նրանց կատարել պարտավորությունները, որոնք նրանք, ինչպես հաղորդվում է, ստանձնել են հունգարացիների առջեւ արձակումից առաջ»։

Իսկ հարցին` «արդյոք, ձեր ըմբռնմամբ, նրանք հետեւո՞ւմ են այդ պարտավորություններին», Նյուլանդը պատասխանել է. - «Մենք ունենք որոշ մտահոգություններ, ինչպես ասել ենք ի սկզբանե, այդ հարցի շուրջ հատկապես»։

Բուդապեշտում 2004 թվականի փետրվարին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանելու համար հունգարական դատարանի կողմից 2006 թվականին ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը այս տարվա օգոստոսի 31-ին էքստրադիցիայի ենթարկվեց Ադրբեջան եւ Բաքու ժամանելուն պես ներման արժանացավ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից։

Նույն օրը Սպիտակ տունը պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ` խորին մտահոգություն հայտնելով տեղի ունեցածի կապակցությամբ եւ հայտնելով, որ պարզաբանումներ է պահանջում Ադրբեջանից եւ Հունգարիայից։

Պետդեպարտամենտը, իր հերթին, մտահոգություն հայտնեց Ադրբեջանի նախագահի որոշման կապակցությամբ եւ բացատրություն պահանջեց։

Սաֆարովի էքստրադիցիան պատճառ դարձավ, որպեսզի Հայաստանը պաշտոնապես կասեցնի դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։

Պաշտոնական Բուդապեշտը, մինչդեռ, վստահեցնում է, որ ադրբեջանցի մարդասպանի արտահանձնումը կատարվել է միջազգային իրավունքին համապատասխան, իսկ Բաքուն խախտել է դատապարտյալի պատժի հետագա կրումը ապահովելու՝ իրեն տված խոստումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG