Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել է Բաքվում համաժողովի մասնակցելու հրավերը


«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել է նոյեմբերին Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովին (ԱՔԿՄՀ) մասնակցելու հրավերը։

Կուսակցության հաղորդագրության համաձայն` հրավերը պայմանավորված էր Պնոմպենում կազմակերպված ԱՔԿՄՀ նախորդ վեհաժողովին Հովհաննիսյանի մասնակցությամբ:

ԱՔԿՄՀ-ի կազմակերպիչներին «Ժառանգության» առաջնորդի հղած նամակում, մասնավորապես, ասված է. - «Համոզված եմ՝ Դուք տեղյակ եք, որ հյուրընկալող երկրի նախագահը նորերս վերահաստատեց ռասիզմի, իրավունքների ոտնահարման եւ հակահայկական կեցվածքի իր վաղեմի համբավն ու հետագիծը՝ ներում շնորհելով եւ պանծացնելով ադրբեջանցի այն սպային, ով Բուդապեշտում դատապարտվել էր կացնով (այո, ճիշտ եք կարդում) սառնարյուն կերպով իր հայ գործընկերոջը սպանելու համար: Այսօր լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը կդառնար 34 տարեկան: Ես չեմ քաղաքականացնի այս նամակը՝ մանրամասնելով Ալիեւյան վարչակարգում տիրող մարդու իրավունքների հակապատկերը, վերջինիս կողմից հայ մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաեւ նրա տապալված ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ազատատենչ ժողովրդի: Բավական է այստեղ նշել, որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջերս ազատ է արձակվել եւ սրբացվել կացնահարող մարդասպան Ռամիլ Սաֆարովը, «Ժառանգություն» կուսակցությունը չի կարող միանալ եւ չի մասնակցի առաջիկա վեհաժողովին»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ ակնկալում է համաժողովի կողմից «միանշանակ դատապարտումը տմարդի այս վարքագծի», որը, նրա համոզմամբ, «անխուսափելիորեն կստվերի հյուրընկալող կառավարությանը եւ, որ ամենացավալին է, բուն հանդիպումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG