Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը նոր նամակ է հղել Սերժ Սարգսյանին


«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ «անցած ու ապագա ընտրությունների, երկրի իրական վիճակի, մարտահրավերների ու դրանց լուծման վերաբերյալ հարցադրումներով», տեղեկացնում են «Ժառանգություն» կուսակցության գրասենյակից։

«Իմ Ժ-202/11 թվակիր նամակին` բացի բանավոր պիտակավորումներից, իրական պատասխանի պատիվ չստանալով, Ձեզ եմ վերաուղարկում նույն գրության օրախնդիր պահանջները, որոնց բավարարումն անհրաժեշտ է առաջիկա նախագահական ընտրությունները 1991 թվականից այս կողմ առաջին անգամ օրինական դարձնելու համար», - իր նամակում նշել է, մասնավորապես, Հովհաննիսյանը։

«Այս ուղղությամբ, իհարկե, օգտակար կլինեն ոչ միայն Ձեր ձեւավորած կառավարությանն ուղղված հեռուստատեսային ողջունելի, բայց խիստ ընտրովի եւ ուշացած կշտամբանքները, այլեւ խորհրդարանական վերջին ընտրություններում Ձեր անունից արված ու Ձեր ղեկավարած կուսակցության եւ/կամ իշխող մյուս կուսակցությունների կատարած` վարչական ռեսուրսի ու սպառնալիքի, համատարած ընտրակաշառքի, ընտրացուցակների ու բազմակի քվեարկությանը վերաբերող, ինչպես նաեւ բացարձակապես հակասահմանադրական մնացյալ զանցանքների մասին Ձեր համալիր, անկեղծ ու ինքնաքննադատական գնահատականը», - գրում է «Ժառանգության» առաջնորդը, ապա 15 կետերով շարադրում իր կողմից առաջարկվող հիմնաքայլերը, որոնք, ըստ նրա, անհրաժեշտ են ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու՝ նախագահի հռչակած հանձնառությունն ըստ էության կյանքի կոչելու համար։

Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին նման բովանդակությամբ նամակ էր հղել նաեւ անցած տարվա նոյեմբերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG