Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը կայցելի ԱՄՆ


Սեպտեմբերի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցելությամբ կժամանի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Ինչպես տեղեկացնում է արտգործնախարարության տեղեկատվության վարչությունը, նույն օրը նախատեսված է Հայաստանի արտգործնախարարի նախարարի ելույթը Լոս Անջելեսում գտնվող հեղինակավոր «Համաշխարհային հիմնախնդիրների խորհուրդ» քաղաքագիտական կենտրոնում: Լոս Անջելեսում ԷդվարդՆալբանդյանը կհանդիպի նաեւ համայնքային կառույցների ղեկավարների հետ:

Լոս-Անջելեսից նախարար Նալբանդյանը կմեկնի Նյու-Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին եւ հանդես կգա ելույթով, հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Նախատեսված է նաեւ Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը Հայաստան Համահայկական հիմնադրամի20-ամյակին նվիրված միջոցառմանը:

Հաղորդագրությունում ոչինչ չի ասվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման մասին: Մամեդյարովը եւս Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին:

Ավելի վաղ 1news.az ադրբեջանական լրատվամիջոցը գրել էր, որ Մինսկի խմբի համանախագահների հետ Նյու Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն առանձին, քանի որ հայկական կողմը մերժել է միջնորդների եւ երկու արտգործնախարարների համատեղ հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG