Մատչելիության հղումներ

Նոր զորավարժությունները` «ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան»


Սեպտեմբերի 17-ից 20-ը ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի «ԶԱՌ» ուսումնական կենտրոնում ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում իրականացվել է խաղաղապահ գործողությունների սցենարով պլանավորված եռօրյա զորավարժություն: Զորավարժությունները ուղեկցվել են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրաձգային գումարտակի շտաբային վաշտի ՆԱՏՕ-ական չափանիշներով ինքնագնահատմամբ:

«Ինքնագնահատման գործընթացը իրականցվել է արտերկրում համապատասխան վերապատրաստում ստացած եւ ՆԱՏՕ-ի կողմից հավաստագրված ՀՀ ԶՈՒ սպաների կողմից, որոնց աջակցել է Հյուսիսատլանտյան Դաշինքի երկրների զինված ուժերի ներկայացուցիչներից բաղկացած խորհրդատվական թիմը: Ինքնագնահատման գործընթացի աջակցման, ինչպես նաեւ գնահատվող ստորաբաժանմանը խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու նպատակով, զորավարժությանը, որպես դիտորդ եւ խորհրդատու ներկա էին նաեւ ԱՄՆ Կանզաս նահանգից ժամանած հրահանգիչները», - փոխանցում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչությունը:

Զորավարժությանը ներգրավված են եղել ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի վեց հարյուր զինծառայողներ, ինչպես նաեւ ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի ուղղաթիռներ: Վերջիններիս աջակցությամբ, զորավարժության սցենարին համապատասխան իրականացվել է վիրավոր զինծառայողների տարհանում, ինչպես նաեւ պատասխանատվության գոտում արագ արձագանքման ուժերի տեղակայում:

ՊՆ-ի փոխանցմամբ` այսօր զորավարժության ավարտի կապակցությամբ, արդյունքների ամփոփման ընթացքում արտերկրից ժամանած ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ խորհրդատվական խմբերը բարձր գնահատեցին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողների մասնագիտական պատրաստվածությունը, առանձնապես կարեւորելով վերջիններիս գերազանց զինվորական կարգապահությունը:

«Արդյունքում` ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրաձգային գումարտակի շտաբային վաշտի ինքնագնահատումը համարվեց կայացած, իսկ գնահատվող ստորաբաժանումը` «համագործակցելի»: ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրաձգային գումարտակը ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի չափանիշներով «համագործակցելի» է ճանաչվել դեռեւս 2010 թվականին իրականացված կողմից առաջին մակարդակի գնահատման ժամանակ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG