Մատչելիության հղումներ

ՏԻՄ ընտրություններ․ Շիրակում ՀՀԿ-ն ամրապնդեց դիրքերը


Շիրակի մարզում սեպտեմբերի 9-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հիմնական պայքարը Հայաստանի Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ էր։

«Նախկին 43 անդամների փոխարեն ընտրությունների արդյունքում կա համայնքների 49 հանրապետական ղեկավար՝ այսինքն 6-ով ավելացել է ՀՀԿ-ի կուսակցական ղեկավարների թիվը։ ԲՀԿ անդամները՝ նախկին 2-ի փոխարեն այժմ 6-ն են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց Շիրակի մարզպետարանի ՏԻՄ վարչության Տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը։ - «Միանշանակ 1 քաղաքական ուժի հաշվին չէ։ Օրինակ՝ Կրաշենում ՀՅԴ-ի փոխարեն ընտրվել է ԲՀԿ։ Ոսկեհասկում անկուսակցական է եղել՝ հիմա ընտրվել է ԲՀԿ անդամ։ Սարալանջում նախկին ՕԵԿ-ի փոխարեն ընտրվել է ԲՀԿ անդամ։ Հիմնականում անկուսակցականների հաշվին են փոփոխությունները գրանցվել»։

Հարությունյանի ունեցած տվյալների համաձայն, կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում նախկին 21 անկուսակցական համայնքապետերի փոխարեն այժմ մարզում կա ընդամենը 16 անկուսակցական համայնքապետ։ ՕԵԿ-ական 12 համայնքապետերից այժմ մնացել են 8-ը, ՀՅԴ-ի 8-ից՝ մնացել են 7-ը։

Սեպտեմբերի 9-ին ընտրություններ անցկացվեցին մարզի 86 համայնքներում։ 68 համայնքներում վերընտրվեցին գործող համայնքապետերը, ընդ որում 8 նախկին համայնքապետ չի էլ մասնակցել ընտրություններին։ Փաստորեն, ընտրությունների արդյունքում ընդամենը 8 համայնքում է հնարավոր եղել ղեկավար փոխել։
XS
SM
MD
LG