Մատչելիության հղումներ

Գյումրիի նորընտիր քաղաքապետը «մասնագետ կադրերից» չի ազատվի


Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը մեկ շաբաթ առաջ կայացած ՏԻՄ ընտրությունները գնահատում է՝ «հանգիստ, կանոնակարգված, ըստ ընտրական օրենսգրքի»։

«Նաեւ լեգիտիմ ընտրություններ անցկացրեցինք։ Նախեւառաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել գյումրեցի ընտրողներին, որ այդպես կարգապահ են, շնորհակալություն հայտնեմ, որ այդպիսի մեծ վստահության քվե ստացա մեր հասարակությունից», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց նա։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Բալասանյանը, հիշեցնենք, ստացել էր 27 հազար 500 քվե։ Նրա հիմնական մրցակից համարվող դաշնակցական թեկնածու Հովսեփ Սիմոնյանը 10 հազար 281 քվե էր ստացել։ Բալասանյանին պաշտոնապես առաջադրել էր ԲՀԿ-ն, սատարում էր նաեւ ՀՀԿ-ն։ Հովսեփ Սիմոնյանին սատարում էր նաեւ «Ժառանգություն»-ը։

Դաշնակցական թեկնածուն չէր էլ թաքցնում, որ գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւս իր թիմակիցներով սատարում է իրեն։ Նրա օգտին աշխատողների թվում շրջանառվում էին նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի եւ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի անունները։

Սամվել Բալասանյանի հաշվարկներով, այս ընտրություններին իր դեմ՝ իր դաշնակցական մրցակցի օգտին տրված «10 հազար 500 ձայնը ուղղակի քաղաքական կուսակցությունների ձայներն են» եւ հարցնում է՝ այդ դեպքում ո՞ւր են այն ձայները, որ մինչեւ ընտրություններ խոստացվել էին դաշնակցական թեկնածուին։

«Մյուսները ուղղակի ձայն չունեն քաղաքում։ Լավ, որտե՞ղ է սրանց թվերը, որ այդպես խոսում էին։ Որտե՞ղ է նրանց ընտրազանգվածը», - հարցնում է ընտրյալ քաղաքապետը։ - «Հիմա բոլորը այդ 10 հազար ձայնը ուզում են իրենցով անել։ Կուսակցություններն ասում են՝ մենք ենք ձեզ ձայն տվել, մյուսները ասում են՝ մենք ենք ձայն տվել»,- ասում է Բալասանյանը՝ կարծիք հայտնելով, որ այս ընտրություններում թաղային հեղինակությունները դեր չեն խաղացել։

Նշենք, որ Սամվել Բալասանյանը պաշտոնը կստանձնի նոյեմբերին։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ մտավախություն չունի՞, որ գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պարտքեր կկուտակի ու ծանր ժառանգություն կթողնի իրեն, քանի որ արդեն իսկ խոսակցություններ կան, որ քաղաքապետարանի ենթակայության տակ գործող կառույցների աշխատակիցների աշխատավարձերը մի քանի ամիս է՝ չեն վճարվում։

«Համապատասխան մարմինները թող գան եւ ստուգեն։ Դա իմ խնդիրը չէ։ Իմ խնդիրն է այն, ինչ նրանք կտան ինձ», - պատասխանեց ընտրյալ քաղաքապետը։

Հարցին, թե նոր քաղաքապետը պատրաստվո՞ւմ է ազատվել Վարդան Ղուկասյանի կադրերից, Բալասանյանը պատասխանեց․ - «Մասնագետներ այսօր գտնելը շատ դժվար բան է։ Ինչպե՞ս կարող եմ ես մասնագետներից ազատվել»։

Քանի դեռ քաղաքապետի պաշտոնը չի ստանձնել, Սամվել Բալասանյանը շարունակելու է մնալ Ազգային ժողովի պատգամավոր։ Պաշտոնը ստանձնելուց հետո թիվ 35 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի արտահերթ ընտրություններ կանցկացվեն։
XS
SM
MD
LG