Մատչելիության հղումներ

Շարմազանով. «Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ»


Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է Հունգարիայի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջանին հանձնումը եւ վերջինի կողմից նրա ազատ արձակումն ու հերոսացումը: Այդ մասին այսօր հայտնել է Ղարաբաղի Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանը հայաստանցի պաշտոնակից Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպման ժամանակ։

Սաֆարովի հետ կապված իրադարձությունները, ղարաբաղցի խորհրդարանականի խոսքերով, «եւս մեկ վկայություն է, որ Ղարաբաղի հայերը չեն կարող գոյատեւել Ադրբեջանի կազմում»։ Թովմասյանը կարեւորել է միջազգային հանրությանն այն իրողության հաղորդումը, որ անհնարին է ժողովրդավարական Ղարաբաղի գոյատեւումը բռնապետական Ադրբեջանի կազմում:

Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Շարմազանովը նշել է, որ Հայաստանը` որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, ամեն ինչ անելու է, որպեսզի Ղարաբաղի հիմնահարցը ստանա արդարացի լուծում: Նրա խոսքերով` այլեւս փաստ է Ղարաբաղում ժողովրդավարական անկախ պետության կայացումը:

«Արցախը այլեւս չի կարող լինել Ադրբեջանի կազմում. դա փաստ է, որը որեւէ մեկի կողմից վիճարկման առարկա չի կարող լինել», - հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահը:

Նրա խոսքերով` Սաֆարովի ձեռքով գործել է Ադրբեջանի իշխանությունը, նրան ստեղծել է մի պետություն, որը ռասիստական, ֆաշիստական է եւ հայատյացություն է քարոզում:

Շարմազանովը ընդգծել է, որ, նախ, Լեռնային Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ, քանի որ առանց Ղարաբաղի իշխանությունների ու ժողովրդի որեւէ մեկն իրավունք չունի որոշելու նրա ճակատագիրը, եւ, երկրորդ, բոլոր ուղղություններով պետք է աշխատանք տանել, որպեսզի սանկցիաներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG